Վրաստանում աղետալի վիճակ է. Ջրհեղեղը կարող է կրկնվել (Տեսանյութ, լուսանկարներ)
ВИДЕОՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ջրհեղեղի կրկնության վտանգ կա: Այս մասին հայտարարել է այդ երկրի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարար Գիգլա Ագուլաշվիլին:
Օդերևութաբանները չեն բացառում, որ երկուշաբթի օրվանից մայրաքաղաքում հորդառատ անձրևները կրկնվեն: Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն։
Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել աջակցության առաջարկների համար, սակյան նշել է, որ Վրաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել հեղեղումների հետևանքները։ Նշենք, որ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև փրկարարական աշխատանքներին սատարելու համար Վրաստանին իրենց օգնությունն են առաջարկել Հայաստանը, Լատվիան, Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան։
Վարչապետի խոսքով՝ Վրաստանն ունի բավարար ռեսուրսներ՝ տեխնիկական և մարդկային, կործանիչ ջրհեղեղի հետևանքների վերացման համար, սակայն երկրին «անհրաժեշտ կլինի արտասահմանյան դոնորների որոշակի ֆինանսական օգնությունը»։ Նշենք, որ այսօր առավոտվանից արդեն սկսել է հասցված վնասների հաշվարկի գործընթացը:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին հորդառատ անձրևների հետևանքով Թբիլիսիում անկառավարելի իրավիճակ է սկսվել. հեղեղվել էին կենդանաբանական այգին, շների ապաստարանը, բնակելի շենքեր, քաղաքի կենտրոնական փողոցները, վնասվել են ենթակառուցվածքները։
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, 36 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Անհետ կորած է համարվում 24 մարդ։
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով կենդանաբանական այգուց փախել են բազմաթիվ գիշատիչներ՝ այդ թվում 6 առյուծ, 6 վագր, 7 արջ և 13 գայլ։ Վայրի գազաններն այս պահին շրջում են քաղաքում:











