Երևանում տեղի ունեցավ տղամարդու առողջության խնդիրներին վերաբերվող բժշկական գրքի շնորհանդեսը
ОБЩЕСТВОԵրևանի պետական բժշկական համալսարանում հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Мужское здоровье в объективе стрессологии - за пределами привычного» (Տղամարդու առողջությունը սթրեսոլոգիայի տեսանկյունից՝ սովորականից այն կողմ) գրքի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի համահեղինակներն են Հայաստանում «Սթրես» կենտրոնի և «Սթրեսաբանության» հիմնադիր, պրոֆեսոր, մարդու հոգեկան ցնցումների վերաբերյալ ավելի քան հարյուր տպագրական հոդվածների, մի քանի մենագրությունների, ինչպես նաև ուսանողության համար «Սթրեսաբանության» առաջին երկհատորյա դասագրքի հեղինակ Ադա Թադևոսյանը և ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Ադա Թադևոսյանին, որ կարողացան այս արդիական խնդրին մասնագիտական լուծում տալ և նշեց, որ այս գրքում ամեն մեկը կգտնի իրեն հուզող խնդիրների լուծումը:
«Այս գիրքը գրելիս Ադա Թադևոսյանի հետ քննարկվել է տղամարդկանց հուզական այրմանն առնչվող խնդիրները, որովհետև այս խնդիրը ամբողջ աշխարհում համարվում է օրակարգային, հուզական այրման հետևանքով կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ»,- ասաց Մուրադյանը: Նրա խոսքով՝ առողջության տեսանկյունից տղամարդն իր նպատակներին հասնելու համար շատ թանկ է վճարում և անդադար ինչ-որ նպատակի հասնելու ձգտման հետևանքով հաճախ չի կարողանում վայելել կյանքը:
ԵՊԲՀ ռեկտորը նաև նշեց, որ գրքից վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է ՀՀ ՊՆ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:
Ադա Թադևոսյանի խոսքով՝ Արմեն Մուրադյանի հետ միասին մեկ տարի առաջ տղամարդու առողջության վերաբերյալ հոդված են գրել և այդ ժամանակ նկատել է, որ տղամարդու առողջությունը բավականին արդիական հարց է, որի հիմնական խնդիրը կապված է կանանց և տղամարդու փոխհարաբերությունների հետ:



