Արևային վահանակներ կանգառի տանիքին՝ հեռախոսներն ու պլանշետները լիցքավորելու համար
ОБЩЕСТВО«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Երևանում առաջին անգամ արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի երկու կանգառ է ստեղծել: Արեգակնային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում այլընտրանքային էներգիայի օգտագործումը խթանելու համար:
Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում գտնվող կանգառները թույլ կտան մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին անվճար լիցքավորելու բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումները արևային էներգիայի հաշվին: Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական 24 հեռախոս:
Կանգառների գործարկումը տեղի է ունեցել երեկ, որին ներկա է եղել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով էլ առաջինն է փորձարկել կանգառի՝ հեռախոսներ լիցքավորելու հնարավորությունը: «ԴԻԻՄ ՔՈՄՅՈՒՆԻՔԵՅՇՆԶ» ընկերության մեդիա–համակարգող Սոնա Թադևոսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ կանգառների գործարկումը իրականացվել է իրենց ընկերության հետ համատեղ ու աջակցությամբ, իսկ հետագա ծրագրերի, մասնավորապես՝ նմանատիպ կանգառների ավելացման հետ կապված ծրագրեր դեռևս չկան:
«Կարծես թե չի խոսվել այդ մասին: Սա պիլոտային ծրագիր է: Եվրոպական միության պատվիրակությունը նախաձեռնել է այս երկու արևային կանգառների կառուցումը և նախապատվությունը տրվել է հենց այդ փողոցների կանգառներին, քանի որ դրանք հագեցած են երիտասարդներով և բանուկ փողոցների վրա են գտնվում»,– ասել է նա:
Որպես նախապատվություն է նշվում այն, որ Հայաստանը արևի էներգիայի խնդիր չունի և նման կանգառներն այս պարագայում լավագույն այլընտրանքն են:
Իր հերթին Պյոտր Սվիտալսկին էլ նշել է, որ նման կանգառների ստեղծման նպատակն է հայերին ավելի մաքուր, ավելի խնայող ու արդյունավետ էներգիասնուցման համակարգեր ձեռք բերելուն օժանդակելն է:
Արեգակնային վահանակները կանգառների վրա կմնան մեկ տարի, որից հետո դրանք կփոխանցվեն այլ դպրոցների կամ մանկապարտեզների: Սվիտալսկին իր խոսքում նշել էր, որ տարվա կտրվածքով Հայաստանում բավական շատ են արևային օրերը և Հայաստանը պետք է օգտվի իր բնական հարստությունից: Դեսպանն իր խոսքում նաև մաղթեց բոլորին վայելել արևային էներգիայով լիցքավորվող եվրոպական ավտոբուսի կանգառը:
Նմանատիպ կանգառների հետագա ավելացման հետ կապված Սվիտալսկին նաև նշեց, որ դա դեռևս բաց հարց է մնում՝ հավելելով, թե որոշ մարդիկ կարծում են, որ արեգակնային էներգիայի օգտագործումը հարուստ երկրների արտոնությունն է: Եվ այս քայլով իրենք հակառակն են ցույց տալիս՝ այն, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս սրանից օգտվող մարդկանց թվի ավելացում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



