Ալիեւին ձայնակցող խավիարասերների նոսրացող բանակում հայտնվել է Պետդումայի մի ինքնակոչ «մանրուք»՝ Դմիտրի Սավելեւ անուն-ազգանունով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական շփման գծում Բաքվի սադրանքին եւ հայկական ԶՈւ պատժիչ գործողություններին:
Նա, մասնավոփրապես, գրել է.
«Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո, ուշադրությունիցս չվրիպեց մի «մանրուք»՝ բառի իսկական իմաստով:
Այն, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խճճվել է սեփական հաշվարկներում՝ դա գիտեինք վաղուց. փորձելով արդեն տեւական ժամանակ տորպեդահարել բանակցային գործընթացը եւ շանտաժի ենթարկել միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին, ստացել է ոչ թե այդ նույն կառույցների աջակցությունը, այլ հակառակը՝ ինքն իրեն հակադրելով միջազգային հանրությանը եւ Մինսկի խմբին, հայտնվել է բացառիկ եւ գնալով խորացող մեկուսացման մեջ, բանակցությունների սեղանի շուրջ չստանալով այն, ինչ ուզում է:
Այն, որ Ադրբեջանը, պարբերաբար դիմելով ռազմաքաղաքական արկածախնդրությունների, խախտելով հրադադարի անժամկետ համաձայնագիրը եւ չհարգելով իր իսկ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունների կատարումը, սեփական զինվորին դարձրել է անարժեք թնդանոթի միս, դա էլ գիտեինք:
Այն, որ մարդկային դեմքը կորցրած Ալիեւի վարչակարգը թնդանոթի միս է դիտարկում ոչ միայն իր զինվորին, այլեւ շփման գծի երկայնքով ապրող իր քաղաքացիական բնակչությանը, դա էլ նորություն չէր: Հակառակ պարագայում, իր կրակակետերը չէր տեղադրի քաղաքացիական բնակչության ու համայնքների թիկունքում՝ այն դարձնելով կենդանի, անբարոյական վահան:
Բայց այն, որ Ալիեւին ձայնակցող խավիարասերների գնալով խայտառակվող, նոսրացող ու մարող միջազգային բանակում կարող է հայտնվել ոչ ավել ոչ պակաս ՌԴ Պետդումայի մի ինքնակոչ «մանրուք»՝ Դմիտրի Սավելեւ անուն ազգանունով, սա արդեն նորություն էր:
Թվում է՝ ակնհայտորեն պարզ չէ, թե այդ ինչ տրամաբանությամբ է վերջինս խոսում «ղարաբաղյան սեպարատիզմի» եւ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շուտափույթ վերականգնելու» մասին, Հեյդար Ալիեւին մեծարում որպես «ժողովրդի հայր» եւ այլ ոչ հոդաբաշխ մտքեր շաղ տալիս, լինելով ՌԴ-ում իշխող «Единая Россия» կուսակցության անդամ, այդպիսով, ինքն իրեն հակադրելով ոչ միայն այդ նույն կուսակցության ձեւավորած կառավարության եւ արտգործնախարար Լավրովի հայտարարություններին, այլ ընդհանրապես, իր ներկայացրած պետության արտաքին քաղաքականությանը:
Տպավորություն է, որ պատգամավոր Սավելեւը, վերջին տարիներին լեթարգիական կատարյալ քնի մեջ է եղել եւ բնավ տեղեկցված չէ, թե ինչպես են այդ նույն «ժողովրդի հոր» ուղիղ գծով ժառանգներն ու հետեւորդները, միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում միջխորհրդարանական, հենց ՌԴ-ին մեղադրում «սեպարատիզմի», «ագրեսիայի» եւ բազում այլ մեղքերի մեջ՝ Ղրիմյան, ու ոչ միայն, իրադարձությունների հետ կապված: Ամենաթարմ օրինակներն, ընդ որում, երկու-երեք օրվա վաղեմություն ունեն:
Այնպես, որ պատգամավոր Սավելեւը ճիշտ կլիներ շարունակեր զբաղվել իրեն հոգեհարազատ բնապահպանական հարցերով եւ քիթը չխոթեր թեմաների մեջ, որոնցից, ակնհայտորեն գլուխ չի հանում` իրեն չդնելով տխրահռչակ Պեդրո Ագրամունտի ուղու, իսկ սեփական կուսակցությանն ու պետությանն էլ՝ անհարմար դրության մեջ»:



