Շարունակում են անվճար ծրագրավորման դասընթացները պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների համար
ОБЩЕСТВОԳյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը՝ «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի հետ համատեղ, շարունակում են անվճար ծրագրավորման դասընթացները՝ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված երիտասարդների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը մայիսի 8-ին մեկնարկած դասընթացները կտևեն 8 ամիս:
Այս ընթացքում ծրագրի մասնակիցները կանցնեն դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմների տեսություն, անգլերեն լեզու, photoshop, ծրագրավորում: Խմբի 14 անդամներն արդեն իսկ վստահ են՝ դասընթացների ավարտից հետո իրենք կգտնեն լավագույն աշխատանք ՏՏ ոլորտում: Լյովա Պապիկյանը ծառայել է Ասկերանում, 2011 թվականին է զորացրվել: Երկար ժամանակ է աշխատանք փնտրել, բայց իր՝ թարգմանչի մասնագիտությամբ, հաջողության չի հասել ու որոշել է ծրագրավորում սովորել:
Լյովան նաև միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրոս է: «Շատ լավ է, որ կա նման հնարավորություն՝ անվճար դասընթացներին մասնակցելու: Ճիշտ է, մինչ այս մաթեմատիկայի հետ կապ չեմ ունեցել, բայց արդեն իսկ այս կարճ ժամանակում առաջընթաց նկատում եմ: Հուսով եմ, դասընթացի ավարտին հարմար աշխատանք կգտնեմ»,-նշեց Լյովան: Խմբի մեջ կան նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ: Էդգար Չերքեզյանը մասնագիտությամբ դեղագործ է: Ծառայել է ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ Մատաղիսում: Ինչպես իր ընկերները, Էդգարը ավելի քան համոզված է՝ հնարավորությունը տրված է, մնում է այդ հնարավորությունը արդյունավետ օգտագործել:
Արմենուհի Մխոյան



