Հայաստանում մեծ թվով կազմակերպությունների ու անհատների համակարգիչներ վարակված են «կրիպտովիրուսներով». փորձագետ
ОБЩЕСТВОՀայաստանում վերջին շրջանում մեծ թվով անհատների ու կազմակերպությունների համակարգիչներ վարակված են «Պետյա» և այլ «կրիպտովիրուսներով»:
Tert.am –ի հետ զրույցում այս մասին հայտնեց մեդիա և ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ես սա ասում եմ՝ հիմնվելով իմ ներքին տեղեկատվական աղբյուրների վրա, քանի այս մասին վիճակագրություն չկա տարբեր պատճառներով: Պատճառ համար 1՝ Հայաստանում չկա կիբեռ անվտանգության հարցերով զբաղվող առանձին մարմին, որը վիճակագրություն է հավաքում: Այսինքն՝ ոչ ոք ոչինչ չգիտի, մեծ հաշվով: Եվ երկրորդ. Հայաստանում ընդունված չէ հայտնել վարակումների ու հարձակումների մասին: Եվ, հիմնվելով իմ ունեցած ներքին ինֆորմացիայի վրա, կարող եմ ասել, որ Հայաստանում այդ վերջին կրիպտովիրուսներով շատ մեծ քանակի կազմակերպություններ ու անհատներ կան ու սա անընդհատ տարածվում է»,-ասաց փորձագետը:
Նրա գնահատմամբ՝ հարցը բավականին լուրջ է, բայց չունի հստակ վիճակագրություն:
Սամվել Մարտիրոսյանն իր ձեռքի տակ ունի հարցման արդյունքներ. հարցման մասնակիցները պատասխանել են հարցին, թե 2016 թվականին արդյոք վարակվե՞լ են կրիպտովիրուսներով: Ըստ այդ տվյալների՝ հարցվածների 4.8 % -ը կամ 54 մարդ ասել է այո, 1.7 8 % -ը, կամ 19 մարդ պատասխանել է, որ ոչ միայն ինքը, այլև կազմակերպությունը, որում աշխատում է:
Իսկ հարցին, թե հարցվածը քանի՞ ծանոթ մարդ կամ կազմակերպություն գիտի, ով 2016-ին հասցրել է վարակվել կրիպտովիրուսներով, նրանց 8.4 տոկոսը տվել է հետևյալ պատասխանը՝ «շատ», 1 տոկոսն ասել է, որ գիտեն նման 1 դեպքի մասին, իսկ 33.3 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հիշեցնենք, որ «Պետյա» վիրուսից հիմնականում տուժեց Ուկրաինան, սակայն այն արագորեն տարածվում է նաև ամբողջ աշխարհում: Վիրուսի տարածման արդյունքում խաթարվել էր մի շարք բանկերի, տրանսպորտային ընկերությունների, պետական հաստատությունների և ձեռնարկությունների աշխատանքը:
Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ այս վիրուսը, վարակելով համակարգիչը, գաղտնագրում է դրանցում առկա բոլոր կարևոր «ֆայլերը», ու հետո դրա դիմաց «փրկագին» է ուզում:
Ըստ որում՝ «Պետյան» նման տասնյակ վիրուսներից մեկն է, ուղղակի մեծ տարածում է գտել:



