Կինը տղամարդու գույնն է. ինչպիսին պետք է լինի Ռաֆայել Երանոսյանի ընտրյալը
ЛАЙФCitylife.am-ում հյուրընկալել էինք Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանին. նրա հետ զրուցեցինք մեր ժամանակների կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին:
Citylife.am. Ռաֆայե՛լ, մեր օրերում կարծես փոխվել են տղամարդիկ, նրանք, ինչպես ոչ վաղ անցյալում, այլևս պատրաստ չեն պայքարել կնոջ համար. մի տեսակ անտարբերություն է նկատվում. ի՞նչն է փոխվել, գուցե սե՞րն է պակասել:
Ռաֆայել. Ի ուրախություն ինձ՝ ինձ ծանոթ տղամարդիկ, մասնավորապես իմ ընկերները, պայքարել են իրենց սիրելիների համար և շարունակում են պայքարել, ամուսնանում են, ընտանքիներ կազմում: Բայց չեմ կարող չհամաձայնվել Ձեզ հետ, այո, ինչ-որ բան փոխվել է, սակայն ավելի հակված եմ այն մտքին, որ կանաց և աղջիկների արժեհամակարգերն են փոխվել: 90-ականերից սկսած մի տենդենց է նկատվում, որ «լավ տղան» պետք է մեքենա ունենա, հեռախոս… Այսօր արդեն նաև կարևոր է մեքենայի մակնիշը, iphone-ը և նմանատիպ «արժեքները»: Սերը սկսել է երկրորդական դառնալ. ընտանիք կազմելուց առաջ աղջիկները նախ և առաջ ճշտում են տղամարդու սոցիալական վիճակը, որից հետո կատարում վճռական քայլը` ամուսնանում են` առանց գիտակցելու որ նյութական կայունությունը դեռևս հիմք չէ ամուր և ներդաշնակ ընտանիք ունենալու համար: Ինչևէ, պետք չէ սա միանշանակ ընդունել, ոչ բոլորն են այդպիսին, հայ աղջիկների ու կանանց մեջ այսօր շատ են նաև խոհեմները, ովքեր մինչ նյութականը կարևորում են մարդկային արժեքները, զգացմունքները, սերը:

Citylife.am. Ռաֆայե՛լ, եթե Ձեր օրինակով վերցնենք, փորձենք հիշել Ձեր առաջին սերը, Ձեր պայքարը…
Ռաֆայել. Ճիշտն ասած առաջին, երկրորդ, երրորդ սերեր չեմ կարող հիշել: Այո, դպրոցական տարիներին եղել եմ սիրահարված. հիշում եմ՝ տղաներով ծաղիկներ էինք գողանում, տանում նրա բակում թողնում: Այն ժամանակ ուրիշ էր. եթե աղջկա հետ խնջույքի ժամանակ տանգո էիր պարում, ապա դա արդեն շատ բան էր նշանակում. դու արդեն մտերմիկ կապերով կապված էիր նրան: Հիմա ամեն ինչ փոխվել է:

Citylife.am. Թերևս սերը տեղափոխվել է «ֆեսյբուքյան հարթակ»:
Ռաֆայել. Այո, հիմա «ինտերնետն է սիրում», ոչ թե մարդիկ իրար: Նկարներ, նամակներ, հետո նմանատիպ տեքստերով հաճոյախոսություններ՝ «սիրուն աչքեր ունես», «շատ գեղեցիկ ես», «հանդիպե՞նք», ապա գալիս է այդ հանդիպումը որը ուղեկցվում է check in-ներով, ինչն ինձ համար ընդունելի չէ, բայց սա, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն է. ժամանակն իրենն է պահանջում:

Citylife.am. Իսկ այսօրվա Ռաֆայելը, եթե սիրահարվի կամ գուցե սիրահարված է, ինչի՞ է պատրաստ հանուն սիրելի, ի՞նչ քայլերի:
Ռաֆայել. Ես միշտ եմ սիրահրաված, ամեն օր կարող եմ սիրահարվել, ես կյանքին եմ սիրահարված: Իսկ նրա` միակիս, ապագա կնոջս համար կանեմ ամեն ինչ: Կնոջս դեմքից ժպիտը չպետք է պակասի, ոչ միայն խոսքով, այլև գործով՝ ես դա կանեմ: Նա միշտ պետք է սրտատրոփ սպասի իմ տուն վերադառնալուն` իմանալով որ ես հերթական անակնկալն ունեմ իր համար: Նա պետք է շատ երջանիկ լինի, ոչ թե նրա համար, որ իմ կինն է, այլ որ նաև իմ երեխաների մայրն է:

Citylife.am. Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի նա:
Ռաֆայել. Մի միտք հիշեցի «Սկոտչ և Վիսկի» ներկայացումից, որտեղ հերոսն ասում է, որ կինը պետք է տղամարդու ընկերը չլինի, ի վերջո, ոչ ոք չի ուզի ընկերոջ հետ ամուսնանա Ես համաձայն են այս մտքին: Իսկ առհասարակ նա պետք է լինի խելացի, կիրթ, կանացի նաև շատ հանդուրժող: Խոհեմ կինը նաև շատ հարցերի վրա պետք է կարողանա աչք փակել. իմ դեպքում` իմ աշխատանքի բերումով՝ ես շատ կանանց և աղջիկների հետ եմ շփվում, ու դա սիրային շփում չէ. այս դեպքում կինս պետք է փորձի հասկանալ: Կարծում եմ՝ կինը տղամարդու գույնն է, այո, նա կարող է իր տղամարդուն դարձնել սև կամ սպիտակ: Կնոջից շատ բան է կախված, իհարկե, տղամարդուց էլ. սերն ու հարգանքը պետք է լինի փոխադարձ:



