Եթե ժամանակս ավելի ճիշտ օգտագործեի, համոզված եմ, որ ավելի շատ ձեռքբերումներ կունենայի. Հայկ Պետրոսյան
ЛАЙФ
Citylife.am. Հետևելով Ձեր աշխատանքային «էվոլյուցիային»` կարելի է ենթադրել, որ խիստ նպատակասլաց եք, Ձեր տեսակը ի ծնե է կամ ժառանգակա՞ն է այդպիսին, թե ինքներդ եք Ձեր մեջ զարգացնում այն:
Հայկ. Երկուսն էլ։ Սակայն եթե ժամանակս ավելի ճիշտ օգտագործեի, համոզված եմ, որ ավելի շատ ձեռքբերումներ կունենայի։ Հայրս ինձ մի անգամ մի լատինական աֆորիզմ ասաց, որ թարգմանաբար նշանակում է «Համառ աշխատանքը հաղթում է ամեն ինչ»։ Այս աֆորիզմն իմանալը շատ լավ է, մնում է անել։
Citylife.am. Մի փոքր պատմեք Ձեր աշխատանքային գործունեությունից, Դուք այն արտիստներից եք, ով մի գործով չի սահմանափակվում, ինչո՞վ եք այս ընթացքում զբաղված:
Հայկ. Համերգներ, ներկայացումներ, կորպորատիվ միջոցառումներ, երբեմն էլ, երբ աշխարհը փոքր-ինչ անտանելի է դառնում, անջատում եմ հեռախոսս և նկարում։

Citylife.am. Բավականին ակտիվ եք Ձեր ֆեյսբուքյան էջում, Ձեր երկրպագուները նույնչափ ակտիվ հետևում և իրենց գրառումներով փորձում են աջակցել Ձեզ: Հաշվի՞ առնում եք երկրպագուների կարծիքը հետագա պլանների հարցում :
Հայկ. Իրականում ես այդքան էլ ակտիվ չեմ, քանի որ էջը ես չեմ կառավարում։ Իսկ կարծիքներ հաշվի առնում եմ բոլոր դեպքերում, բայց պետք չէ այստեղ կոնֆորմիզմ տեսնել. ավելի շատ հեռանկարային մտածելակերպ ձևավորելու միտում է։
Citylife.am. Չե՞ք մտածում ինչ-որ ֆիլմում, սերիալում կամ սիթքոմում նկարահանվելու մասին:
Հայկ. Նկարահանվել եմ Մհեր Մկրտչյանի երկու ֆիլմերում, ինչի համար շատ երջանիկ եմ և շնորհակալ, մեկը՝ «Կյանք ու Կռիվ»-ը, արդեն մեծ էկրաններին է, իսկ մյուսը դեռ աշխատանքային փուլում է, նկարահանվել եմ նաև մի կարճամետրաժ ֆիլմում, որը կոչվում է «Ակնոց»։

Citylife.am. Դիվանագետ, երգիչ, դերասան, երգերի հեղինակ, բեմադրիչ… Չե՞ք ցանկանում գիտելիքով ու փորձով կիսվել նոր սերնդի հետ:
Հայկ. Ես ինքս դեռ շատ-շատ բաներ ունեմ սովորելու, կարիք ունեմ փորձ հավաքելու, այնպես որ դեռ շուտ է, սակայն երբ բանակում էի, դասախոսություններ եմ պատրաստել «Անհատները և քաղաքակրթությունների զարգացումները» թեմայի շուրջ: Մի օր կուզեի պատմել այդ ամենը համապատասախան ֆակուլտետներում սովորող ուսանողներին։

Citylife.am. Գաղտնիք չէ, որ Դուք տաղանդավոր եք, իսկ ի՞նչ գաղտնի տաղանդ ունեք, որը հայտնի չէ հանրությանը:
Հայկ. Լավ երկար նարդի եմ խաղում, մեր բակի ուստեքին էլ եմ հաղթել մի քանի անգամ: Ու իմ մանկության ընկեր Գիգոյի հետ ընտիր խորոված ենք սարքում, մի քանի անգամ նույնիսկ առաջարկել են Պռոշյանի վրա վետերոկ բացել, բայց զգացինք, որ ռեստորանային բիզնեսը մերը չի, միայն ընկերական միջավայրում ենք համով պատրաստում



