Ես միշտ ցանկացել եմ խաղալ լուրջ դերեր. Անդրանիկ Հարությունյան
ЛАЙФՆրան միշտ տեսնում ենք հումորային նախագծերում, նրա կերտած կերպարները ընկալվում և սիրվում են շատերի կողմից: Ո՞րն է Անդրանիկ Հարությունյանի երազանքների կերպարը, ի՞նչ հարթակներում է ցանկանում լինել դերասանը, և ի՞նչ նորություններ սպասեն նրանից երկրպագուները: Այս և այլ հարցերի պատասխանները ներկայացնում է Citylife.am-ը:
Citylife.am. Ստեղծագործական ի՞նչ փուլում եք, նոր կերպարում ե՞րբ ենք Ձեզ տեսնելու։
Անդրանիկ. Բնականաբար ստեղծագործական ճանապարհ դեռ շատ կա, ու հետաքրքիր բաներ են ծնվում թե՛ մտքում, թե՛ իրականացնելու համար: Կա ներկայացում, բայց չեմ ուզում փակագծերը բացել, որը կայանալու է Կամերային թատրոնում, նաև շատ շուտով եթեր կհեռարձակվի Կենտրոն հեռուստատեսությամբ նոր հաղորդում, որի հաղորդավարներն ենք ես և Անաիս Սարդարյանը։
Citylife.am. Կպատմե՞ք, թե ինչ հաղորդում է լինելու։
Անդրանիկ. Մի փոքր կբացեմ փակագծերը: Ունենալու ենք հյուրեր՝ մեր հայ հայտնիները, և իրականացնելու ենք նրանց մանկական երազանքները։ Ռեժիսորը Գևորգ Ենոքյան է։
Citylife.am. Որակական ի՞նչ վիճակում են գտնվում հայկական հումորային նախագծերը, դրանք արդյո՞ք բավարարում են հեռուստադիտողի պահանջները։
Անդրանիկ. Այսպիսի տենդեց կա. ասում են հեռուստադիտողին «ինչ դեմ տաս, կնայի»: Եթե անում ես աշխատանք, ապա արա լավը։ Կան մի քանի սիթքոմեր, որ դիտվում են, բայց ժամանակի հետ որակն էլ ավելի կլավանա։ Հայկական հեռուստաընկերությունը շատ ուշ սկսեց զարգանալ, բայց գնալով զարգանում է ու էլ ավելի լավն է լինելու։ Իսկ լավ սիթքոմերն էլ ավելի կլավանան։
Citylife.am. Ձեզ հասարակությունը այսպես է հիշում «Ռաֆո-Անդոյի Անդոն». երկար ժամանակ է, որ հեռուստաէկրաններին ձեզ միասին չենք տեսնում։ Ո՞րն է պատճառը։
Անդրանիկ. Անդո-Ռաֆոն իրար հետ կլինեն, ուղղակի առաջարկներ չկան, առաջարկի դեպքում՝ սիրով։ Մենք իրար հետ խաղում ենք Կամերային թատրոնում «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ, այնպես որ Անդո-Ռաֆո զույգը չի բաժանվել։
Citylife.am. Ո՞վ է Ձեր ամենալավ խաղընկերը:
Անդրանիկ. Թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությամբ 2005 թվականից ցանկացած նախագծում և թատրոնում միասին ենք, խոսքը Ռաֆայել Երանոսյանի մասին է։ Ինքը և՛ թատրոնում է շատ լավ խաղընկեր, և՛ հեռուստանախածերում: Չեմ ուզում շատ գովաբանել, որ «մեջը չուռի», բայց կարող եմ ասել, որ ինքը, եթե ոչ միակը, ապա միակներից է, ու շատ ուրախ եմ, որ կա ինքը։
Citylife.am. Կա՞ դեր, որի մասին երազում եք։
Անդրանիկ. Բացարձակ չկա: Եթե այսօր էլ ինձ դեր առաջարկեն, դա երազանք է։
Citylife.am. Չե՞ք ցանկանում Ձեզ փորձել ոչ հումորային ժանրերում:
Անդրանիկ. Ես միշտ ցանկացել եմ (չեմ երազել) խաղալ լուրջ դերեր, բայց չեն ցանկացել լուրջ դեր ինձ տալ: Մտածել են, որ կարող է չընկալվել հեռուստադիտողի կողմից: Մի օր հաստատ կխաղամ, ու բոլորը կհամոզվեն, բացի այդ, կատակերգական դեր խաղալը ավելի դժվար է, քան լուրջ դեր խաղալը։
Citylife.am. Իսկ ո՞րն է Ձեր երազանքների հարթակը:
Անդրանիկ. Իմ հարթակը թատրոնի բեմն է։ Այլ երկրների թատրոններում էլ ենք խաղում, բայց Կամերային թատրոնի բեմն ինձ համար ամեն ինչ է, իմ երկրորդ տունն է։ Ինչպես ասում են՝ «տնից լավ տեղ չկա»:



