Իմ մասնագիտությունը տալիս է ինձ հնարավորություն մարդկանց ճանաչել և ավելի խորը տեսնել նրանց. Սուրեն Առուստամյան
ЛАЙФCitylife.am- Ընտանիք՝ բառ, որն իր մեջ կրում է մի ամբողջ հավերժություն: Ունենալ ընտանիք, նշանակում է լինել հարուստ մարդ: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ընտանիքը, ի՞նչ է այն Ձեզ համար խորհրդանշում:
Սուրեն– Ես ամենահարուստ մարդն եմ, ունեմ հրաշալի ընտանիք, որն ինձ համար ամեն ինչ է. օրս սկսում է ընտանիքիս հետ և ավարտվում է ընտանիքիս հետ: Ես աշխատանքային օրվա վերջում վերադառնում եմ ընտանիք, որտեղ ես հանգիստ եմ, խաղաղ, կա սեր, կա ջերմություն, էլ ուրիշ ի՞նչ է պետք երջանիկ մարդուն:
Citylife.am- Երջանիկ ընտանիքի դաստիարակությունը կիրառման մի ունիվերսալ ուղեցույց է: Իրականում ինչո՞վ են տարբերվում երջանիկ ընտանիքները դժբախտ ընտանիքներից:
Սուրեն– Եթե ընտանիքում կա սեր, կա փոխըմբռնում, ջերմություն, հարգանք միմյանց հանդեպ, ուրեմն երջանիկ ընտանիք է, իսկ դրանց բացակայությունն արդեն դժբախտ ընտանիքի մասին է խոսում:
Citylife.am– Ընտանիքը միշտ չէ, որ բաղկացած է արյունակիցներից, ինչպես շատերի դեպքում է: Կան արդյո՞ք Ձեր շրջապատում այնպիսի մարդիկ, որոնց համարում եք Ձեր ընտանիքի անդամը:
Սուրեն- Այո՛, իհա՛րկե, իմ աշխատանքի վայրը. մենք միասին մի մեծ ընտանիք ենք, ուր ամեն առավոտ միասին սիրով ու ջերմությամբ ուղիղ եթերում ապահովում ենք մեր հեռուստադիտողների հաճելի օրվա սկիզբը: Մենք մեր մեծ ընտանիքով ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՆՈՐԻՑ ամեն առավոտ:
Citylife.am– Մարդուն անհրաժեշտ է, որ նրան ընդունեն այնպիսին, ինչպիսին որ նա կա: Երբեմն մենք փորձում ենք լինել քանդակագործ և սկսում ենք «կերտել» ուրիշներից այնպիսի մի կերպար, ինչը մենք ենք ուզում տեսնել նրանց մեջ: Արդյոք դուք երբևէ փորձե՞լ եք նման կերպ վարվել մարդկանց հետ:
Սուրեն- Իմ մասնագիտությունը և մասնագիկտական կրթությունը տալիս է ինձ հնարավորություն մարդկանց ճանաչել և ավելի խորը տեսնել նրանց: Ես միշտ ինձ շրջապատող մարդկանց տեսնում եմ այնպիսին, ինչպիսին նրանք կան, և ընդունում եմ այնպիսին, ինչպիսին նրանք են. երբեք չեմ փորձել փոխել նրանց մեջ ինչ-որ բան: Ամեն մեկն անհատականություն է, ու դու պետք է ընդունես դա, միայն այդ դեպքում դիմացինդ անկեղծ կլինի քո հետ:
Citylife.am- Անկախ նրանից, թե որքան բարի ու ազնիվ ենք փորձում լինել, ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան այնպես չի ստացվում: Ուստի ընտանեկան հարաբերություններում համբերությունն ու ներողամտությունը կենսական անհրաժեշտություն են: Արդյո՞ք Դուք համբերատար ու ներողամիտ անձնավորություն եք ըստ Ձեզ:
Սուրեն– Ավելի երիտասարդ տարիքում, ո՛չ, ներողամիտ չէի, բայց տարիքի հետ հասկանում ես շատ բաներ, ու երբեմն առաջին քայլ կատարելու կարևորությունը ընդունում ես, իսկ համբերատար, ասեմ, որ երբեք համբերատար չեմ եղել, ես այն մարդկանցից չեմ, որ հանգիստ նստեմ ու սպասեմ առավել ևս աշխատանքում:
Citylife,am- Եվ վերջում փորձեք նկարագրել, թե ինչպիսի՞ հայր և ամուսին եք ընտանիքում:
Սուրեն- Այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանեն կինս և երեխաներս, բայց ես փորձում եմ մաքսիմալն անել ընտանիքիս համար, լինել լավ ամուսին ու լավ հայր: Համենայն դեպս մինչև այսօր ստացվել է:
Citylife.am- Շնորհակալ եմ, Սուրե՛ն հետաքրքիր հարցազրույցի համար:



