Մարդ պետք է լինի նպատակասլաց և չսպասի, որ ինչ որ մեկը կարմիր գորգ կփռի իր առաջ. Էրիկ
ЛАЙФՉնայած որ երգիչը բավականին զբաղված էր, այնուամենայնիվ, ժամանակ տրամադրեց և զրուցեց Citylife.am -ի հետ:
Citylife.am-Հարցազրույցներից մեկում նշել եք. ամենը` կլինի նյութական, թե որևէ կարևորագույն արժեք, ձգտում եք հասնել ինքներդ՝ ինքնուրույն մարդ եք: Որ՞ն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
Էրիկ- Ըստ իս մարդ պետք է լինի նպատակասլաց և չսպասի, որ ինչ որ մեկը կարմիր գորգ կփռի իր առաջ և ամեն ինչ սկուտեղի վրա կմատուցի: Սակայն այդ ամենին հասնելու ընթացքում լինում են մարդիկ, ընկերներ, ովքեր օգնում են քեզ: Երաժշտական ասպարեզում ամենամեծ ձեռքբերումը, միանշանակ, հանդիսատեսս է` առաջին հանդիսատեսը, ում համար սկսեցի աշխատել և շարունակում եմ աշխատել: Իսկ, առհասարակ, կյանքում` հաջողակ մարդ լինելը, որովհետև ես ապրում եմ իմ հայրենիքում, չնայած նրան, որ ծնվել եմ այլ երկրում, որը շատ-շատ եմ սիրում: Այսօր ոչ միայն ես եմ ապրում, այլ նաև ընտանիքս, իսկ ապրել պատմական հայրենիքում որպես հայ, իմ համար մեծ երջանկություն է:
Citylife.am- Խոսեցինք Ձեր ծննդավայրից: Այսօրվա մեր երկրի ամենախոցելի խնդիրներից մեկն արտագաղթն է: Երիտասարդները իրենց կյանքը, կարիերան տեսնում և կառուցում են արտերկրում: Իսկ Դուք, ընդհակառակը, ծնվելով այլ երկրում վերադարձաք հայրենիք և սկսեցիք Ձեր գործունեությունը ծավալել այստեղ: Ի՞նչ կասեք այն մարդկանց, ովքեր կարծում են, որ Հայաստանում չկա ապրելու և ստեղծագործելու այն հարթակը, որը կարող է լինել արտասահմանում:
Էրիկ– Իհարկե նաև հասկանում եմ այն մարդկանց, ովքեր իրենցը չեն կարողանում գտնել այստեղ` ելնելով սոցիալական և մի շարք այլ խնդիրներից: Ես ինքս էլ հանդիպել եմ բոլոր այդ խնդիրներին: Եղել են և´ սոցիալական, և´ ադապտացվելու, և շատ այլ խնդիրներ: Բայց կարծում եմ` ամեն ինչ մարդուց է գալիս, և յուրաքանչյուր վայրում էլ ամեն ինչ 0-ից սկսելու դեպքում առաջանում են դժվարություններ, որոնց միջով կարելի է անցնել հանուն նպատակների, իսկ այդ նպատակները կարելի է ստեղծել նաև մեր երկրում:
Citylife.am- Երգը կատարելիս ամբողջությամբ Ձեզ ներդնում եք երգի մեջ` ապրելով ամեն մի բառը: Իրական կյանքում էլ եք էմոցիոնալ, թե՞ միայն երաժշտության մեջ:
Էրիկ– Կարելի է ասել, որ այո´, կյանքում նույնպես էմոցիոնալ եմ: Ես կյանքի մարդ եմ, և կարծում եմ, յուրաքանչյուր բան` ուրախ թե տխուր, պետք է ապրել: Իսկ տարբերությունը միայն մեկն է. երբ երգում եմ, իմ էմոցիաները ամբողջովին երևում են, իսկ կյանքում կարող է ինչ որ բան շատ ծանր տանեմ, բայց ցույց չտամ` կողքիններիս ավելորդ չանհանգստացնելու համար: Ուղղակի փորձում եմ ինքս հաղթահարել:
Citylife.am- Ուրեմն, կարելի՞ է ենթադրել, որ Ձեր շուրջը գոյություն ունեցող այդքան դրական աուրայի պատճառը հենց սա է` դիմացինին տալ միայն պոզիտիվը, և նույնիսկ մեղեդիկ երգի դեպքում էլ փոխանցել միայն լավագույն զգացումները:
Էրիկ–Այն, ինչը չեմ կարողանում տալ մարդուն կյանքում, փորձում եմ եմ տալ բեմից`երգի միջոցով: Վերջինս ինձ համար լավագույնս արտահայտվելու միջոցն է:
Citylife.am- Եվ որպես կայացած մարդ, ըստ Ձեզ ի՞նչը կարող է օգնել մարդուն իր հաստատուն տեղը գտնելու և առաջ գնալու համար:
Էրիկ– Կարծում եմ միայն աշխատասիրության և ժամանակը ճիշտ օգտագործելու արդյունքում է մարդ դառնում հաջողակ:



