Հայերին մասսայաբար արտաքսելու հարցը պետք է դիտել Գերմանիայի ընդհանուր քաղաքականության մեջ. Ազատ Օրդուխանյան
ОБЩЕСТВОԳերմանիայում «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով, իրականությունն են ներկայացնում այն հրապարակումները, ըստ որոնց, այս շրջանում գերմանական միգրացիոն ծառայությունները բավականին խստացել են նաև հայերին ապաստան տալու խնդիրը և ավելի արագացրել նրանց գործերի քննումը:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս առումով ուրախացնող շատ բան չի կարող ասել: «Ցավոք, շատերին առանց մեծ հնարավորություն տալու արտաքսում են, բայց ոչ միայն դեպի Հայաստան, այլ նաև այլ երկրներ, քանի որ շատերը գրանցված են նաև որպես այդ երկրներից եկածներ»,- նշեց նա:
Նշենք, որ գերմանական լրատվամիջոցները ներկայացրել էին, որ Գերմանիան սկսել է Դյուսելդորֆի օդանավակայանով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացի միգրանտների զանգվածային արտաքսում: Պատճառը Դյուսելդորֆի քաղաքային իշխանությունների որոշումն է՝ ապաստանի համար դիմած օտարերկրացիների հայցերն օպերատիվ քննելու և պատասխանելու վերաբերյալ:
Ազատ Օրդուխանյանը նշեց, որ ինքը չի կարծում, որ հայերի նկատմամբ առանձնահատուկ է խիստ վերաբերմունքը:
«Առհասարակ, հիմա Գերմանիայում ապաստանյալների հարցը գնալով խստանում է, և ընդհանուր քաղաքականության մեջ պետք է դիտել այս մոտեցումը: Մյուս շատ ազգեր նույնպես խիստ վերաբերմունքի քաղաքականության տակ են գտնվում: Չեմ կարծում, որ օրինակ ադրբեջանցի ապաստանյալների վիճակը այս պահին հայերից ավելի լավն է, կարծում եմ՝ նույնն է նաև նրանց պարագայում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Գերմանիայում հաստատված և այսօր գերմանահայ ներկա համայնքներն ու կազմակերպությունները կազմած հայերի ճնշող մեծամասնությունը երեկվա փախստականներն են, լինեն նրանք Հայաստանից, Թուրքիայից, Իրանից, Լիբանանից, թե այլ երկրներից:
«Տեղափոխվածների տեղափոխման հիմքերը շատ չեն տարբերվում միմյանցից, տարբերությունը ավելի շատ տեղափոխման ժամանակի և արագ կամ դանդաղ տարբերակով բնակվելու հետագա կարգավիճակ ստանալու հարցում է, այնպես որ հայաստանցիներն այստեղ բացառություն չեն։ Դա երկարատև գործընթաց է և վերաբերում է մեր համայնքի համարյա բոլոր շերտերին»,- ասաց նա:



