ԵՄ ակտիվ անդամ Իսպանիան պատրաստ է աջակցել Հայաստանին. Դեսպան
МЕЖДУНАРОДНОЕՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իգնասիո Իբանյես Ռուբիոն (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նշելով, որ չնայած հայ-իսպանական միջպետական կապերն սկսել են զարգանալ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում, Նախագահն ընդգծել է, որ հնագույն մշակույթի եւ ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի կրողներ հայ եւ իսպանացի ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից եւ մշտապես փոխադարձ համակրանք են տածել միմյանց նկատմամբ: Հանրապետության Նախագահի համոզմամբ, այդ հանգամանքը երկուստեք պարտավորեցնող է, եւ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու եւ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար:
Դեսպան Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության եւ շնորհավորանքի համար, վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը խորացնելու բարեկամ Հայաստանի հետ Իսպանիայի հարաբերությունները, Հայաստանն իր հարուստ մշակույթով, պատմությամբ եւ ներդրումային հնարավորություններով ավելի ճանաչելի դարձնելու Իսպանիայում՝ խրախուսելով երկու երկրների հասարակությունների միջեւ շփումները, նպաստելով նաեւ գործարար կապերի հաստատմանն ու տարբեր ոլորտներում ակտիվ փոխշփումներին:
Հանդիպմանը հայ-իսպանական երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Դեսպան Ռուբիոն նշել է, որ ԵՄ ակտիվ անդամ Իսպանիան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման ճանապարհին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:






