«Գունազարդ վազք» միջոցառման հասույթից կտրամադրվի Իջևան-Բերդ անվտանգ ճանապարհի կառուցմանն ուղղված ծրագրին
ОБЩЕСТВОԵրևանյան «Գունազարդ վազք» միջոցառումն այս տարի կմեկնարկի հուլիսի 16-ին Հանրապետության հրապարակից: Այն Հայաստանում կզարգացնի սպորտային ու փառատոնային զբոսաշրջությունը: Ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով` Street work out-ի մարզահրապարակ կառուցելու և Իջևան-Բերդ 34 կմ անվտանգ ճանապարհի կառուցմանն ուղղված «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրին աջակցելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 4-ին կայացած ասուլիսում այս մասին խոսեցին միջոցառման կազմակերպիչները:
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասսայական սպորտի զարգացումը, և սա միջոցառումներից մեկն է, որը նպաստելու է առողջ ապրելակերպին: Միջոցառումն այս տարի տեղափոխել ենք Հանրապետության հրապարակ ավելի հնչեղ ու գեղեցիկ դարձնելու համար: Մասնակիցների աշխարհագրությունը ևս ընդլայնվել է: Եթե նախորդ տարի մասնակցում էին Անգլիայից, ապա այս տարի մասնակից կա նաև Չինաստանից»,-ասաց Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը:
«Գունազարդ վազք» նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանի խոսքով ` միջոցառումն այս տարի կլինի ավելի մասշտաբային: Առավոտյան ժամը 08:00-ին կլինի մասնակիցների գրանցումը, 9:45 կանցկացվի նախավարժանք, իսկ 10:00-ին կազդարարվի սկիզբը: Մասնակիցները կվազեն 5 կիլոմետր քաղաքի կենտրոնում` Ամիրյան, Մաշտոցի պողոտա, Իսահակյան, Նալբանդյան փողոցներով մինչ Հանրապետության հրապարակ: Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա կլցվեն գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր: Վազքի ավարտից հետո կլինի հրավառություն և երաժշտական միջոցառում:
«Միջոցառումն իրականացվում է «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում: Երևանյան «Գունազարդ վազքը» փառատոն է, որի մասնակիցների քանակն այս տարի ավելացել է»,-ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
«Ուզում ենք, որ միջոցառումն ունենա այն հնչեղությունը, որի համար հետագայում գան Հայաստան: Սրանով լուծվում է սպորտային զբոսաշրջությունը և փառատոնային զբոսաշրջության խնդիրը»,-ասաց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանն ու հավելեց, որ այս տարի Զբոսաշրջության պետական կոմիտեն սահմանել է երկու մրցանակ`եռօրյա էքտրեմալ տուրեր հաղթող կին և հաղթող տղամարդ անվանակարգերի համար:
«Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի ղեկավար Թերեզա Մխիթարյանի խոսքով` յուրաքանչյուր մասնակից կարող է աջակցել մեկ մետր ճանապարհ կառուցելուն` վճարելով 1500 դրամ:
Միջոցառմանը կարող են մասնակցել 14 տարին լրացած բոլոր ցանկացողները: Մասնակցության արժեքն է 4000 դրամ: Շտապ օգնության և ոստիկանության աշխատողները հսկելու են ողջ վազքուղին:



