Անահիտ Թարխանյան. «Մերժելով՝ ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ Անդրիասը իրենց համար ամենավտանգավոր մարդկանցից է». «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Շաբաթներ առաջ «Ելք»–ը դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ միջնորդություն ներկայացնելով Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված։ Գլխավոր դատախազությունը մերժել է «Ելք» խմբակցության միջնորդությունը՝ Անդրիաս Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ: Դատախազությունը որպես միջնորդությունը մերժելու հիմնավորում է նշել այն, որ դատական ակտերում արձանագրվել է կալանավորելու հիմքերի առկայությունը, այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիությունը:
Միջնորդությունից ի՞նչ ակնկալիքներ են ունեցել և մերժումից հետո ի՞նչ հետևություններ են արել հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի հետ:
Անդրիաս Ղուկասյանի կինը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք մեծ սպասումներ ունեին պատգամավորների միջնորդության հետ կապված: Նշեց, որ հույս ունեին, թե դատախազը կբավարարի այդ միջնորդությունը, որովհետև որևէ խնդիր չի եղել Ա. Ղուկասյանին ազատ արձակելու հետ կապված: Ըստ Թարխանյանի, եթե նախկինում կալանքի տակ էին պահում ամուսնուն, որովհետև մեջբերում էր արվում, թե նա կարող է խոչընդոտել ընդհանուր հետաքննությանը և քրեական մարմինների աշխատանքին, ապա հիմա այն ավարտված է, և գործը տրված է Անդրիասին՝ նյութերն ուսումնասիրելու և դատին պատրաստվելու համար:
«Իրեն ազատելու խնդիրներ բացարձակապես չկան: Բոլորս սպասում էինք, որ կբավարարվի այդ խնդրանքը: Սակայն միջնորդությունը հերթական անգամ դատարանը մերժեց: Վերաքննիչ դատարանն էլ նախնական կալանքը երկարաձգելու մասին որոշում էր կայացրել, երբ արդեն իսկ գործերը հանձնված էին Անդրիասին, և պարզ էր, որ խոչընդոտելու հարց չկար: Բայց ի վեջո ստացվեց այնպես, որ ստացանք այն պատասխանը, որը միշտ էլ ստացել ենք: Մերժելով՝ ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ Անդրիասը իրենց համար երևի թե ամենավտանգավոր մարդկանցից է»,– ասաց Անդրիաս Ղուկասյանի կինը:
Ըստ Թարխանյանի՝ ամուսնու նկատմամբ հնչած մեղադրանքը կառուցված է սուտ ցուցմունքների և մատնության վրա, ինչը ամենապատժելի ու հանցավոր իրավիճակն է, քանի որ երբ հանրության մեջ սկսվում են սուտ մատնության վրա հիմնված դատերը և դատական պրոցեսները, դրանք առաջին հերթին հիշեցնում են 1937 թ.–ը:
Նրա խոսքով` երկու ոստիկանի և հոգեբուժարանում բուժում անցած ու երկու անգամ դատված երկու անձանց սուտ ցուցմունքները չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի հայտնի քաղաքագետ, բիզնեսմեն, 25 տարի «Ռադիոհայ» լրատվամիջոցը ղեկավարած անձը այսօր մեղադրվի և ձերբակալվի:
«Այսօր դրա դիմաց խոսում են հայտնի քաղաքացիական դեմքեր, մշակույթի, ինտելեգենցիայի ներկայացուցիչներ, որոնք տալիս են այլ ցուցմունքներ և փաստում Անդրիասի անմեղությունը: Եվ այս պարագայում շարունակել պնդել, որ Անդրիասը մեղավոր է և նույնիսկ հնարավորություն չտալ իրեն գնալ իր հիվանդ հորը տեսնել, ով արդեն մեկ տարի ծանր պառկած է, անմարդկային է, լինի դա Անդրիասի, թե իր հիվանդ հոր նկատմամբ»,– ասաց նա:
Անահիտ Թարխանյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ իրենք այժմ սպասում են Եվրադատարանի պատասխանին: Դիմել են այս տարի, արդեն մարտին գրություն ստացել, որ այն ընդունված է և կընթանա արագացված կարգով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



