Ամենաթիրախային խմբերի կարծիքները հաշվի կառնվեն. Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի քննարկումների մասին
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ համայնքային քննարկումների շրջանակում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Կապան էր այցելել: Նրանք 16 տարեկանից բարձր տղաների, ուսուցիչների, տեղի մտավորականների հետ քննարկում էին «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի դրական ու բացասական կողմերը:
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ այս քննարկումները կարևորում է հատկապես «Ազգ-բանակ» կոնցեպցիայի համատեքստում: Նրա խոսքով՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ տևական ժամանակ է ինչ քննարկումներ են սկսվել նաև մտավորակաների, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի հետ:
«Ցանկանում են նաև ամենաթիրախային խմբերի, այսինքն՝ նախազորակոչային տարիքի, դպրոցականների և այլոց հետ քննարկումներ անել: Պետք է լսենք բոլորի կարծիքները, քանի որ քննարկումների ընթացքում կարծիքներ են հնչել, որոնք անպայման պետք է հաշվի առնվեն օրենսդրական քննարկումների ժամանակ»,- ասաց Հովհաննիսյանը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը վստահեցրեց, որ քննարկումների արդյունքները ներկայացվելու են պատկան մարմիններին, որպեսզի օրենքը մշակելիս հանրության տեսակետը ներառվի:
Նշենք, որ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ քննարկումներն արդեն իսկ եղել են Իջևանում, Գյումրիում, Եղեգնաձորում, կլինեն նաև Վանաձորում ու Երևանում:
Մանրամասները՝ տեսանյութում:



