Ծովագյուղում նոր հանրային լողափ կկառուցվի. նախագիծը պատրաստ է
ОБЩЕСТВОԾովագյուղում 9 հա տարածքի վրա կառուցվելու է նոր հանրային լողափ բոլոր հարմարություններով: «Սեւան» ազգային պարկի տնօրեն, լողափերի կառուցման ծրագրերի պատասխանատու Վահե Գուլանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ նոր լողափի նախագիծը կազմվել է արտերկրի նմանատիպ հանգստյան գոտիների փորձի եւ Սեւանի ազգային պարկի առանձնահատկությունների ուսումնասիրության արդյունքում: Նրա կարծիքով, այս լողափը մի շարք առավելություններ է ունենալու:
«Ինքը ամենամեծ հանրային լողափն է Սեւանի ազգային պարկի տարածքում: Ամբողջությամբ կահավորվելու դեպքում այն օրական 7-8 հազար այցելու կարող է ընդունել: Նախ շատ հարմար է կոմունիկացիոն տեսանկյունից. մենք ունենք երկաթուղու կայարան միջպետական մայրուղու հարեւանությամբ: Ելնելով մեծությունից՝ նաեւ առանձնացվելու են տարածքներ, որտեղ ՀՀ տարբեր համայնքների տեղեր են հատկացվելու, որ կարողանան դնել գիշերակացի միջոցներ, որ նրանք էլ կարողանան ամռանը հանգստանալ»,- ասել է Գուլանյանը՝ հավելելով, որ նոր լողափի կառուցման համար մոտավորապես 100 մլն դրամ է անհրաժեշտ: «Մենք ֆինանսական փնտրտուքի մեջ ենք. մի մասը արդեն ֆինանսավորվել է Սեւանի ազգային պարկի կողմից, բավականին մեծ մաս Ծովագյուղի գյուղապետարանի կողմից, ակնկալիքներ ունենք կառավարությունից, տարբեր ֆոնդերից»,- ասել է Գուլանյանը:
Նշենք, որ լողափի նախագիծը երեկ՝ հունիսի 1-ին հենց նոր կառուցվող լողափին լրագրողներին ներկայացրել էր ծովագյուղցի ճարտարապետ Ավետիք Մելիքյանը։ «Կառուցվելու է հանրային լողափ բոլոր հարմարություններով՝ սպորտային բլոկով, մանկահասակների եւ մեծահասակների համար լողավազաններով, դիսկոտեկով, հետագայում՝ ավտոկայանատեղիներով, կանաչ զոնաներով, ոռոգման ցանցով, էլեկտրական լուսավորությամբ, լողացող կառամատույցով, քոթեջներով, ամեն ինչով»,- ասել էր Մելիքյանը:



