Ստրասբուրգում կայացել է Հելմուտ Կոլի վերջին հրաժեշտի արարողությունը
МЕЖДУНАРОДНОЕՍտրասբուրգում Եվրախորհրդարանի շենքում տեղի է ունեցել Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի վերջին հրաժեշտի արարողությունը: Այն երկու ժամ է տեւել, որի ընթացքում տարբեր երկրների առաջնորդներ խոսել են Գերմանիայի եւ ամբողջ Եվրոպայի միավորման գործում հանգուցյալ քաղաքական գործչի ավանդի մասին: BBC-ի հաղորդմամբ՝ դագաղը միայն մեկ՝ Եվրամիության դրոշով է ծածկվել:
Արարողությանը մասնակցել են, մասնավորապես, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հելմուտ Կոլը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի՝ 1982-1998 թվականներին: Նա մահացել է 2017 թվականի հունիսի 16-ին, 88 տարեկանում: Կոլի մարմինը հողին կհանձնեն Ֆրանսիայի եւ Գերմանիայի սահմանին գտնվող գերմանական Շպայեր քաղաքի եկեղեցու գերեզմանատանը:



