Կարկուտը վնաս է հասցրել Սյունիքի 21 գյուղերի
ОБЩЕСТВОՍյունիքի մարզում հունիսի 29-ին ժամը 16.20-ից 17.00-ն տեղի ունեցած կարկուտի եւ հորդառատ անձրեւի հետեւանքով նախնական տվյալներով վնաս է հասցվել մարզի 21 բնակավայրերի (Սիսիան, Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Բալաք, Բռնակոթ, Գետաթաղ, Դարբաս, Լոր, Նորավան, Շաղաթ, Շաքի, Որոտան, Վաղատին, Տոլորս, Ույծ, Մուծք, Աշոտավան, Աղվանի, Տանձատափ, Լծեն):
Սյունիքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն համայնքներից եւ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված հաղորդումների, զգալի տուժել են գյուղատնտեսական ցանքատարածությունները (հացահատիկային եւ բանջարաբոստանային կուլտուրաներ, այգիներ, խոտհարք), վնաս է հասցվել համայնքային ենթակառուցվածքներին, ջրով ողողվել են անհատական բնակելի եւ հասարակական շինությունների նկուղային հարկերը:
Տեղի ունեցած կարկուտի եւ հորդառատ անձրեւի հետեւանքով հասցված վնասը գնահատելու համար, արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման համայնքային հանձնաժողովները հունիսի 29-ից սկսել են աշխատանքները: Մարզային հանձնաժողովի անդամները իրավիճակը գնահատելու նպատակով տեղերում կատարում են դիտարկումներ: Փրկարարական եւ անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու համար, ըստ ստացված հաղորդումների, հունիսի 29-ին համայնքներ են մեկնել ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության մարտական հաշվարկներն ու օպերատիվ խմբերը:
Հասցված վնասի վերաբերյալ համայնքային հանձնաժողովներից արձանագրությունները ստանալուց հետո մարզային հանձնաժողովը կամփոփի դրանք եւ կներկայացնի հանրապետական հանձնաժողովին: Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից մեթոդական եւ խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերվում համայնքների ղեկավարներին:



