ԱՄՆ դեսպան․ Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի կարիք դեռ չկա
МЕЖДУНАРОДНОЕԱյս պահին ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ կրկնակի հարկումը բացառող պայմանագիր ստորագրելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։
Պատասխանելով այն հարցին, արդյոք ինքը համարում է, որ նման պայմանագիրը շահավետ կլինի երկու երկրների համար, դեսպանը նշեց․ «Ես հասկանում եմ, որ Հայաստանում որոշակի շահագրգռվածություն կա կրկնակի հարկադրության բացառման մասին պայմանագիր ստորագրելու հարցում։ Բայց ես պետք է ասեմ , որ դեսպանատանն ու Վաշինգտոնում մեր գնահատականների հիման վրա այս պահին նման համաձայնագիր ստորագրելու որեւէ անհրաժեշտություն չկա։
Մենք ԱՄՆ-ի կամ Հայաստանի քաղաքացիներից տեղեկություններ չունենք այն մասին, որ նման համաձայնագրի բացակայությունը որեւէ կերպ վնասել է իրենց գործունեությանը։ Մեր գնահատականներով, կան այլ բարձր առաջնահերթություններ, որոնց վրա երկու կառավարությունները արժե կենտրոնանան, որպեսզի ճանապարհ բացեն մեծ ներդրումների համար»։ Եվ ԱՄՆ գանձապետարանի հաշվարկնեով , շարունակեց դեսպանը, նման պայմանագիր ստորագրելու անհրաժեշտություն չկա։ «Եթե հետագայում առաջանա նման անհրաժեշտություն, մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել։ Ուզում եմ նաեւ հստակ նշել, եթե մեր ուշադրությանը ներկայացվեն նման դեպքեր, երբ որեւէ ձեռներեց տուժել է նման պայմանագրի բացակայությունից, կամ էլ պայմանագրի բացակայությունը ներդրումներ չանելու պատճառ է դարձել, բնականաբար այդ փաստերի հիման վրա մենք կներկայացնենք առաջարկություն՝ Հայաստանի հետ նման համաձայնագիր կնքելու համար»,- ամփոփեց Ռիչարդ Միլսը։



