Սկսվել է հերթական պահեստազորի ճշտումների ժամանակաշրջանը և դրա պատճառով խուճապի մատնվել պետք չէ. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթն իր ընթերցողից ահազանգ էր ստացել, որ թաղային ոստիկանության աշխատակիցն ու համայնքի զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչը վաղ առավոտյան ներկայացել են իրենց տուն և իրեն հանձնել զինկոմիսարիատ ներկայանալու մասին ծանուցումը: Ծանուցումը ստանալուց հետո քաղաքացին զինգրքույկով ներկայացել է իր համայնքի զինկոմիսարիատ, որտեղ նրանից վերցրել են զինգրքույկը և տեղեկացրել, թե հաջորդ օրը, որ ժամին, ուր պետք է ներկայանա: Քաղացուն զայրացրել էր ընտանիքի անդամների ներկայությամբ նման ձևով ծանուցումը հանձնելը և այն անորոշությունը, որի մեջ հայտնվել էր ինքը: Ընտանիքի անդամներն էլ իրենց հերթին էին խուճապի մատնվել, մտածելով թե ուր որ է՝ պատերազմ է սկսվելու, դրա համար էլ Պաշտապնության նախարարությունը սկսել է թակել սովորական քաղաքացիների դռները:
Հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Նա տեղեկացրեց, որ սկսվել է պահեստազորի ճշտումների և կանչի ժամանակաշրջանը, որի ժամանակ բոլորը պարտավոր են ներկայանալ զինկոմիսարիատներ, անկախ քաղաքացիների աշխատանքային պարտավորություններից:
«Բացի այդ, գործատուները պարտավոր են հաշվի առնել դա և իրավունք չունեն խոչընդոտելու այդ գործընթացներին: Դա օրենքում հստակ գրված է, որի մասին ցանկացած գործատու պարտավոր է տեղեկացված լինել: Ես վստահ եմ, որ բոլոր գործատուներն էլ այդ մասին գիտեն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ այս ամիսներին պահեստազորի կանչով պայմանավորված նման իրավիճակի հետ են առնչվում: Նույնիսկ պարտավոր են աշխատակիցների հավաքին մասնակցելու օրերի աշխատավարձը վճարել»,– ասաց Ա. Հովհաննիսյանը:
Խոսելով առևտրով կամ այլ անձնական բիզնեսով զբաղվող քաղաքացիների մասին, ովքեր հիմնականում այնքան զբաղված են լինում, որ պարզապես չեն կարողանում իրենց բիզնեսը կամ գործը թողնել և մի քանի օրով մեկնել զորավարժությունների, ՊՆ մամուլի խոսնակն ասաց, որ նման հարցերով զինկոմիսարիատը չի կարող զբաղվել:
«Եթե քաղաքացին ընտանիք պահելու խնդիր ունի, ապա մենք էլ պետության անվտանգության խնդիր ենք լուծում: Շատերը գիտակցաբար են մոտենում այս հարցին և չեն թողնում, որ խնդիրներն այնքան բարդանան, որ իրենց տուն գան»,– ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ շարքային կազմի հավաքներին մասնակցում են մինչև 50 տարեկան քաղաքացիները, անկախ այն հանգամանքից, թե երբ է պարտադիր ծառայություն անցնել ու երբ զորացրվել: Նա նաև տեղեկացրեց, որ հավաքների միջին ժամկետը 1–2 շաբաթ է, սակայն սովորաբար այն տևում է 1–ից մինչև 5–6 օր: Բացի այդ, ամեն տարի մի քանի հազար մարդ նույն ծրագրով անցնում է այս ճշտումների փուլը և հասարակությունը հիմնականում իրազեկված է այդ մասին:
«Ցանկացած զինապարտ պարտավոր է նման կանչերին արձագանքել, իսկ եթե քաղաքացին գտնվում է արտերկրում կամ ունի առողջական խնդիր, ապա պետք է այդ մասին տեղեկացնի զինկոմիսարիատին կամ ներկայացնի տեղեկանք»,– հավելեց Ա. Հովհաննիսյանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



