Արեգ Կյուրեղյանի դիրքորոշումն է՝ հանցավոր ռեժիմից արդարադատություն չակնկալել. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկու օր առաջ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին դատարանում ոստիկանները ծեծի են ենթարկել: Այս մասին հայտարարել էր Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Ծեծի են ենթարկվել նաև Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը:
Մուշեղ Շուշանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նախորդ օրն ուշ երեկոյան տեսակցել է Ա. Կյուրեղյանին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, «Արեգի դեմքին, մասնավորապես՝ ճակատին, վնասվածքներ կային: Ըստ իր խոսքերի՝ վնասվածքներ կան նաև ամբողջ մարմնի վրա՝ կրծքավանդակին, մեջքին, որովայնի և ոտքերի շրջանում: Բազմաթիվ հարվածներ է ստացել ոստիկանների կողմից: Ծեծի որևէ պատճառ չի եղել, ու եթե անգամ լիներ, չի կարող արդարացնել անձի նկատմամբ այսպիսի արարքը»,– ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ նախորդ օրն ավելի վաղ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ քաշքշուկ էր տեղի ունեցել, երբ Արեգ Կյուրեղյանը փորձել էր գրություն հանձնել իր պաշտպան Արա Ղարագյոզյանին, սակայն ոստիկանները փաստաբանի ձեռքից այդ թուղթը խլել են: Կյուրեղյանը պահանջել էր վերադարձնել թուղթը, ոստիկանները հրաժարվել էին, ինչին ի պատասխան Կյուրեղյանն ասել էր՝ վերադարձրեք կամ ես չեմ մասնակցի նիստին: Սրանից հետո իրեն հանել են դուրս, և նիստերի դահլիճից ոչ հեռու գտնվող փակ տարածքում նա բազմաթիվ ոստիկանների կողմից բավական երկար ժամանակ բռնության է ենթարվել:
Ըստ Մուշեղ Շուշանյանի՝ Արեգ Կյուրեղյանը պիտի երեկ երեկոյան հայտարարությամբ հանդես գար: Ինչ վերաբերում է այդ գրությանը փաստաբանը նշեց, որ բացարձակ կարևոր չէ, թե ինչ էր այդ թղթի մեջ գրված, բացի այդ, փաստաբանի և վստահորդի միջև գրագրությունը կոնֆիդենցիալության ռեժիմով է պաշտպանվում, և որևէ մեկը իրավասություն չունի ծանոթանալ դրան, ինչն առանձին խախտում է:
Շուշանյանը նաև տեղեկացրեց, որ Կյուրեղյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բժշկական զննության ենթարկել են և վնասվածքներ արձանագրել: Սակայն Կյուրեղյանը հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց: Իր սկզբունքային դիրքորոշումն է որևէ փաստաթուղթ չստորագրելը:
Հարցին, թե իր կողմից որևէ գործողություն ձեռնարկվե՞լ է կամ պիտի՞ ձեռնարկվի, փաստաբանը պատասխանեց, որ ոչ:
«Իմ կողմից ոչինչ չի ձեռնարկվել, քանի որ Արեգ Կյուրեղյանի դիրքորոշումն այն է, որ հանցավոր ռեժիմից նա արդարադատություն չի ակնկալում և արդարադատության խնդրանքով չի դիմելու: Ինքն արգելեց ինձ հանցագործության մասին որևէ հաղորդում տալ:
Անկախ հաղորդում ներկայացնելու հանգամանքից, փաստը հրապարկվել է, հայտնի է, ու ամեն դեպքում իրավապահ մարմինները պետք է դրան որևէ արձագանք տան: Հասկանալի է, որ ոստիկանի համազգեստով որևէ հանցագործ քրեական պատասխանատվության չի ենթարկվելու: Բայց ամեն դեպքում ինչ–որ իրավական գործընթացի պատրանք փորձելու են ստեղծել»,– ասաց նա:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



