Բրեյվիկը բողոքել է մենախցում իր տառապանքներից
МЕЖДУНАРОДНОЕ2011-ին Նորվեգիայում երկու ահաբեկչություն իրականացնելուց ու դրա հատեւանքով 77 մարդ սպանելուց հետո բանտարկված Անդերս Բերինգ Բրեյվիկը, որը անվանափոխվել է ու դարձել Ֆյոթուլֆա Հանսեն, մտադիր է դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան՝ այն տառապանքների կապակցությամբ, որոնց ենթարկվում է մենախցում իր պատիժը կրելիս, հայտնում է NRK-ն։
Ահաբեկիչը դժգոհում է, որ մենախցում գտնվելով ինքը կարող է հոգեկան տրավմաներ ստանալ։ Բրեյվիկ- Հանսենին արդեն վեց տարի մենախցում են պահում, ու նրա շփումը սահմանափակվում է միայն բանտի անձնակազմով ու փաստաբաններով։
Փաստաբանների կարծիքով ամբողջական մեկուսացումը կարող է վատ անդրադառնալ բանտարկյալի հոգեկան վիճակի վրա։
Փաստաբան Օյսթեն Սթորվիկի խոսքով, Բրեյվիկի մեկուսացման աստիճանը շատ բարձր է, նա միայն բանտի աշխատակիցների հետ է շփվում։ Նրա նամակները գրաքննության են ենթարկվում, ինչը Բրեյվիկի կարծիքով, ոտնահարում է իր իրավունքները։ Ահաբեկիչի փաստաբանը նույնպես համարում է, որ նման պայմաններում դատապարտյալը կարող է հոգեբանական տրավմաներ ստանալ։
Բողոքը կազմված է 13 էջից ու պարունակում է մարդու իրավունքների թեմայով դատարանի որոշումների օրինակներ այլ դատապարտյալների գործերով, որոնք նույնպես նմանատիպ պատժի են եղել դատապարտված։



