Ինչ նպատակ ունի հայ հայտնիների մասնակցությամբ «Դե ժպտա» տեսահոլովակը
ЛАЙФՕրեր առաջ համացանցում հայտնված հայ հայտնիների մասնակցությամբ «Դե ժպտա» տեսահոլովակը մի նպատակ ուներ՝ օգնել հազարից ավելի երեխաներին հաղթահարել մանկական քաղցկեղը: Դերասան Մկրտիչ Արզումանյանը BlogNews.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսահոլովակի գաղափարը Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի բժիշկներինն է. «Քանի որ ես բաժանմունքի հետ ընկերական կապեր ունեմ, ինձ առաջարկեցին զբաղվել այս նախաձեռնությամբ: Մենք նպատակ ունեինք ստեղծելու դրական և բարի տեսահոլովակ՝ դրանով իսկ վառ էմոցիաներ հաղորդելով այն երեխաներին, ովքեր հիմա անցնում են այդ ճանապարհը»:
Մկրտիչը նշում է, որ բավականին նուրբ և պատասխանատու են վերաբերվել տեսահոլովակի նկարահանումների ընթացքին: Ամեն ինչ շատ արագ են կազմակերպել, որպեսզի երեխաները չհոգնեն: Ի դեպ՝ Մկրտիչը նշում է, որ երեխաները շատ տպավորված էին ստացված արդյունքից:

Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, երգի հեղինակը՝ Էդգար Ալեքսանյանը։ Վերջինս նշում է, որ բավականին բարդ էր գրել այսպիսի ստեղծագործություն. «Շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել այս աշխատանքին: Սկզբում մտածում էի՝ ինչ գրեմ, որ տրամադրություն բարձրացնի, իսկ հետո ընտրեցի ժպիտը, քանի որ դա տրամադրություն բարձրացնող լավագույն երևույթն է»:

Մուրացան համալսարանական հիվանդանոցի բժիշկ-օրդինատոր Լիլիթ Սարգսյանն էլ փաստեց, որ երեխաները տեսահոլովակի նկարահանման ժամանակ ոգևորված էին: Հիմա, երբ արդեն եղել է տեսահոլովակի պրեմիերան, երեխաները հաճախ են օրվա ընթացքում նայում: Այս տեսահոլովակը ուղղված է ոչ միայն երեխաների տրամադրության բարձրացմանն, այլև հասարակության իրազեկմանը:
Բժշկուհին նշում է, որ վաղ ախտորոշումը և ճիշտ բուժումը հնարավորություն է տալիս լիարժեք բուժվելու: Այս փաստը հասարակությունը պետք է ընդունի:




