«Գրքի բանկ» ծրագրով հավաքված գրքերը կփոխանցվեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին
КУЛЬТУРА
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպված «Գրքի բանկ» ծրագրի 2017 թվականի մեկնարկին: Համաձայն գաղափարի, բոլոր ցանկացողները հատուկ տեղադրված տաղավարում կարող են թողնել գրքեր: Նվիրատվության տաղավարն այս տարի կրկին տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ: Ծրագիրն ունի ինչպես բարեգործական, այնպես էլ կրթադաստիարակչական նշանակություն և միտված է հատկապես երիտասարդության շրջանում գրքին ու ընթերցանությանը ուշադրություն սևեռելուն:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև տարբեր զորամասերի գրադարաններին։




















































