Հակոբ Սանասարյան. «1 խմ ջուրը արտադրում է մոտ 1 կՎտ ժամ էլեկտրաէներգիա. հաշվեք ու տեսեք, թե որքան շահույթ կապահովվի». «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ ուրբաթ «S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմել էր Ազգային ժողովի պատգամավորներին` կոչ անելով թույլ չտալ Սևանա լճից 100 միլիոն խմ լրացուցիչ ջրառը, խնդրել չընդունել կառավարության առաջարկը` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքը փոփոխելու վերաբերյալ:
Նախաձեռնությունը նամակով դիմել էր նաև Կարեն Կարապետյանին` կոչ անելով հետ կանչել այս նախագիծը: Նամակում մասնավորապես ասված էր, որ Սևանա լճի ափամերձ տարածքների բնակիչները խիստ անհանգստացած են կառավարության նախաձեռնությամբ, որի համաձայն` նախատեսվում է 3 տարվա ընթացքում Սևանա լճից բաց թողնել 1 միլիարդ խմ ջուր: Ըստ «S.O.S. Սևան» նախաձեռնության՝ սա կառավարության վտանգավոր նախաձեռնության առաջին քայլն է:
«Սևանա լճի կյանքը` ջրի որակը, կենսաբազմազանությունը խիստ կապված է լճի մակարդակի հետ: Մեր` Սևանա լճի ափամերձ տարածքներում ապրող ժողովուրդն ականատես է, երբ Սևանի մակարդակն իջնում էր, լիճը մահանում էր, երբ մակարդակը սկսեց բարձրանալ՝ լիճը կենդանացավ»,– ասված է վարչապետին ուղղված նամակում:
Նախագծի վերաբերյալ Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը նշեց, որ եթե կառավարությունը նման որոշում է ընդունել, ապա, ըստ նրա, բոլոր չափորոշիչները մշակել են, նոր որոշում կայացրել:
«Ես չեմ կարծում, որ դա մեծ խնդիր է: Եթե երկրի համար անհրաժեշտ խնդիր է, եթե այս պահին որոշել են, որ այն ինչ–որ մի բանի վնաս չի տալու, եթե կառավարությունը մշակել է, մոնիթորինգ արել, տեսել, որ բնապահպանությանը չի վնասում և այն երկրի համար այս պահին կարևոր նշանակություն ունի, ապա ես չեմ կարծում, որ դա վատ որոշում է»,– ասաց Սևանի քաղաքապետը «Փաստի» հետ զրույցում:
Նրան, որ նախագիծը բնապահպանությանը չի վնասի և վատ որոշում չէ, համակարծիք չի Սևան Ազգային պարկի ղեկավարությունը: Մասնավորապես մեզ հետ զրույցում պարկի փոխտնօրեն Արայիկ Հունանյանը ներկայացրեց, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ Բնապահպանության նախարարության կողմից իրենց է ուղարկվել այս օրենքի նախագիծը՝ կարծիք հայտնելու համար, և հիմնարկի պաշտոնական դիրքորոշումը հետ է ուղարկվել նախարարություն, որում գրված է եղել, թե օրինագծի վերաբերյալ բացասական կարծիք ունեն՝ Սևանա լճի ջրային ռեսուրսների բացասական հաշվեկշիռը բացառելու նպատակով:
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ այդ էլ ասվում էր, թե պետք է 170 միլիոն խմ վերցնեին և այս 100–ի դեպքում գումարայինը կկազմի 270 միլիոն խմ:
«Այն 170–ը նույնպես կեղծիքով գրված, չհիմնավորված թիվ էր: Նրանք պարզապես նպատակ ունեն Սևանա լճի մակարդակը չբարձրացնել: Սրանից առաջ վերցրին ու հատուկ բարձրացրեցին Սևանա լճով ոռոգվող տարածքների՝ Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրի օգտագործման գործակիցը 2–2,5 անգամ: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Սևան լճից հավելյալ ջուր վերցնեն:
Յուրաքանչյուր խմ ջուրը արտադրում է մոտավորապես մեկ կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Հաշվեք և տեսեք, թե որքան էլեկտրաէներգիա է արտադրվելու և իրենց համար որքան շահույթ է սա»,– ասաց Կանաչների միության ղեկավարը:
Հարցին, թե որքանո՞վ կնվազի Սևանա լճի մակարդակը ծրագրի իրագործման արդյունքում՝ Սանասարյանը պատասխանեց, թե յուրաքանչյուր 12,5 միլիոն խմ–ը դա 1 սմ է, և այս դեպքում բաժանելով 100 միլիոն խմ–ը 12,5՝ կստանանք 80 սմ:
Սանասարյանը նաև նշեց, որ արդեն օրեր առաջ ափամերձի սեփականատերերը շատ լավ գիտեին, որ շուտով պիտի իջնի ջրի մակարդակը: Այս նախագիծը ձեռնտու է նաև այդ տնտեսվարողներին, քանի որ այն տարածքները, որոնք օգտագործվում են որպես լողափ, ջրի մակարդակի բարձրացման դեպքում 1–3 տարի է պահանջվում նոր լողափ ձևավորելու համար, իսկ մակարդակի նվազման դեպքում ավազն արդեն իսկ կա:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



