Պետք չէ թերագնահատել դպրոցներում կայուն սննդի ներդրման ծրագիրը. Սերոբ Խաչատրյան
ОБЩЕСТВОԿառավարության ծրագրով նախատեսվում է 2017-2022 թվականներին ընդլայնել դպրոցի կայուն սննդի ծրագիրը՝աստիճանաբար ապահովելով որակյալ սնունդ հանրապետության ամբողջ տարածքում:
Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե այս ծրագրի իրականացումն իսկապես դրական պտուղներ կունենա: Նրա խոսքով՝վերջին տասնամյակներում աշակերտներն իսկապես սննդի հետ կապված խնդիրներ ունեն:
«Մեր երեխաները սոված-ծարավ դպրոց են գնում, դպրոցներում բուֆետ չկա, եղածում էլ անհասկանալի չիպսեր են վաճառում: Օրինակ՝ հիմա կրտսեր դպրոցներում տաք սուպ են տալիս, սննդարար սալաթ և այլն: Կարևոր ծրագիր է, քանի որ, երբ երեխան սոված է, միտքն ուտելու, այլ ոչ սովորելու վրա է: Չթերագնահատենք այս ծրագիրը»,- ասաց նա:
Հարցին՝ այս ծրագիրը կյանքի կկոչվի պետությա՞ն, թե՞ ծնողների գումարների հաշվին, Խաչատրյանը պատասխանեց.
«Նման ծրագրերն արվում են համավճարով, այսինքն՝ որոշակի ներդնում անում են ծնողները, բայց մեծ մասամբ պետության վրա է»:
Կրթության փորձագետը խոսեց նաև մարզային դպրոցների հետ կապված խնդիրների մասին, մասնավորապես, որ նույն դասարանում տարբեր տարիքային աշակերտներ են սովորում:
Խաչատրյանը նկատեց, որ այս խնդրին փորձ է արվում լուծում տալ «Մանկավարժական նախաձեռնություն ասոցիացիայի» օգնությամբ:
«Հուշագիր ստորագրվեց «Մանկավարժական նախաձեռնություն ասոցիացիայի» հետ, որն ունի կոլեկտիվ ուսուցման ծրագիր: Նրանք փորձելու են այնպես անել, որ ուսուցիչը կարողանա միանգամից մի քանի դասարանի աշակերտների հետ աշխատել, յուրաքանչյուրի հետ աշխատել»,-շարունակեց Սերոբ Խաչատրյանը:



