Տպագրվել է Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը
КУЛЬТУРА
Լույս է տեսել Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը, որը հնարավորություն է տալու զբոսաշրջիկներին իրազեկվելու և ծանոթանալու Սյունիք աշխարհի պատմական հուշարձաններին: «Հոգու պարտք» հասարակական կազմակերպության նախագահ Շողինե Հովհաննիսյանի խոսքով ` 2012 թվականին տպագրվել էր Լոռու և Տավուշի մարզերի, իսկ 2015 թվականին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցները:
«Դրանց շրջանառության դրական արձագանքը առաջ բերեցին այլ մարզերի համար նմանատիպ քարտեզ-ուղեցույցներ պատրաստելու և տպագրելու նպատակ: Եվ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի տրամադրած դրամաշնորհի, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ տպագրվեց Սյունիքի մարզի քարտեզ-ուղեցույցը` հայերեն և անգլերեն լեզուներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ուղեցույցի նպատակն է խթանել և զարգացնել զբոսաշրջությունը Սյունիքի մարզում:
«Քարտեզ-ուղեցույցն ունի հայագիտական, կրթադաստիարակչական, ճանաչողական նպատակ: Այն հասցեագրված է էկոտուրիզմի ցանկացած տեսակ նախընտրող հայ և օտարազգի զբոսաշրջիկների համար»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ քարտեզում նշված են նաև Սյունիքի մարզի գողտրիկ հնավայրերը:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կարևորեց նման քարտեզների տպագրությունը և նշեց, որ դա բավականին հարմար է զբոսաշրջիկների հեշտ կողմնորոշման համար:
«Այս քարտեզում նշված են 150-200 կարևոր հուշարձանները: Բոլոր ճանապարհները և բոլոր գյուղերը այս քարտեզում ընդգրկված են, պայմանական նշաններով ցուցադրված:Մենք ցանկանում ենք բոլոր մարզերում նման ուղեցույցներ պատրաստել», -եզրափակեց Սամվել Կարապետյանը:




















































