Ստեղծված իրավիճակում ընդհանրապես անիմաստ է խոսել որեւէ փոխզիջման մասին. Փաշինյան
ОБЩЕСТВОՍտեղծված իրավիճակում ընդհանրապես անիմաստ է խոսել որեւէ փոխզիջման մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ելք» դաշինիքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով այստեղ մասնակցում է «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի աշխատանքներին:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քաղաքական ուժերի ունեցած տեսակետներին, Փաշինյանը մասնավորապես նշել է, որ ֆորումին մասնակից բոլոր կուսակցությունները միասնական են այն հարցի շուրջ, որ ստեղծված իրավիճակում, ընդհանրապես, անիմաստ է խոսել փոխզիջումների մասին, որովհետեւ Ադրբեջանը այս հարցում որեւէ մտադրություն չունի:
Ինչ վերաբերում է «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի աշխատանքներին, «Ելք» խմբակցության ղեկավարն ասել է. «Առայժմ մտքերով ենք փոխանակվում, եւ ես շատ դրամատիկ գնահատականներ չէի տա ֆորումի մասով, համենայն դեպս տեսակետներ են պարզ դառնում, թե ով ինչ է մտածում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Բացի այդ, այսօր՝ հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:



