Փնտրվում է ունիվերսալ պատգամավոր՝ միանգամից երեք հանձնաժողովում աշխատելու համար. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ուշագրավ առաջարկություն է ներկայացրել: Իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավարն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում ու ամրագրել հետևյալը, որ ԱԺ յուրաքանչյուր խմբակցություն յուրաքանչյուր հանձնաժողովում ունի առնվազն 1 պատգամավոր ներկայացնելու իրավունք: Նաև, եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու 1–ից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ 1 պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել 3 մշտական հանձնաժողովի անդամ:
Ստացվում է՝ պատգամավորը պետք է ունիվերսալ լինի, օժտված հատուկ գիտելիքներով միանգամից, ասենք, առողջապահության, արտաքին հարաբերությունների ու տնտեսական հանձնաժողովներում աշխատելու համար: Այլ հարց է՝ կա՞ն նման ունիվերսալ կարողություններով պատգամավորներ ներկա ԱԺ–ում:
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամների քանակը կարող է բավարար չլինել բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ապահովելու համար:
«Խմբակցությունները իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներգրավված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում, սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը սահմանափակում է այդ հնարավորությունը, քանի որ փոքրաթիվ խմբակցությունները, 5 մշտական հանձնաժողովից ավելի լինելու դեպքում, չեն կարող բոլոր հանձնաժողովներում ներգրավվածություն ունենալ»,– գրել է Ռուստամյանը:
ԱԺ փոքրաթիվ հաջորդ խմբակցությունը՝ «Ելքը» դեռ չի քննարկել Արմեն Ռուստամյանի առաջարկը, սակայն Ելքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի փակման հարցը քննարկելու ժամանակ իրենք դրական են արձագանքել դաշնակցության առաջարկին: «Օրինակ՝ նախորդ գումարման ժամանակ ես 3 հանձնաժողովներում աշխատել եմ ու հիմա էլ կարող եմ աշխատել, բայց օրենքը թույլ չի տալիս: Եթե իմ պոտենցիալը բավարար է և ես պատրաստ եմ այդքան ժամանակ տրամադրել օրենսդիր աշխատանքին, ինչի պետք է օրենքն ինձ սահմանափակի»,–հարց բարձրացրեց պատգամավորը:
Հետաքրքրվեցինք, թե իր պես պոտենցիալ ունեցող, ունիվերսալ պատգամավորներ էլի կա՞ն խորհրդարանում, որ կարող են 3 տարբեր հանձնաժողովներում աշխատել: « Դա ինձ չի հետաքրքրում, ունիվերսալ չեն, թող խմբակցությունը չներկայացնի պատգամավոր: Միանշանակ կան»,– ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ անցած գումարման ԱԺ–ում միայն ինքն է եղել 3 հանձնաժողովի անդամ, 2 հանձնաժողովի անդամ եղել է Արծվիկ Մինասյանը. «Էլի մարդիկ կարող է կային, հիմա չեմ կարող մտաբերել»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



