ՀՀ առողջապահության նախարարությունը կշարունակի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ
ОБЩЕСТВОՀամաշխարհային բանկի առողջապահական ծրագրերի համակարգող Սուսաննա Հայրապետյանն այլ տարածաշրջանում նոր աշխատանքի անցնելուց առաջ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին է ներկայացրել իրեն փոխարինող Աննա Հոլթին և թիմի նոր անդամներին։ Հանդիպմանը երկուստեք կարևորվել են առողջության առաջնային պահպանման օղակի ուժեղացմանը, քաղաքներում ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանն ուղղված համատեղ աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Սուսաննա Հայրապետյանը կարևորել է մարզային հիվանդանոցների միջին ծանրաբեռնվածության ցուցանիշի բարձրացումը` այս ենթատեքստում նախապատվությունը տալով փոքր բուժհաստատություններին։
Լևոն Ալթունյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքային բարեփոխումների և օպտիմալացման հանձնաժողովի գործունեության սկզբունքները, իրականացված աշխատանքները և ժամանակացույցը։
Փոխնախարար Սամվել Մարգարյանը Համաշխարհային բանկի աշխատանքային թիմին ծանոթացրել է առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման, պետական բյուջեի սուղ միջոցներն առավել նպատակային և արդյունավետ ծախսելու ուղղությամբ իրականացվող և մշակվող ծրագրերին։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին հետաքրքրել են սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիների հիվանդանոցային պատշաճ բժշկական օգնության ապահովման նպատակով պետության կողմից ձեռք բերվող ապահովագրական փաթեթների մշակման մեխանիզմները։
Քննարկվել են նաև Վայքի ու Մարտունու բժշկական կենտրոնների կառուցմանը վերաբերող և այլ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը երկրի առողջապահական համակարգի զարգացման նպատակով։



