Գավառ քաղաքում սկսվել են կենտրոնական ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
ОБЩЕСТВОՀունիս ամսից Գավառ քաղաքում մեկնարկել են կենտրոնական ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները, որոնք իրականացնում են «Կապավոր» ՍՊԸ ճանապարհաշինարարները:
Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, փոսային նորոգման աշխատանքներում ներգրավված է 8 միավոր տեխնիկա, 10-12 բանվոր: «Որակյալ արդյունք ապահովելու համար կատարվել են պահանջվող բոլոր գործողությունները: Նախորդ շաբաթվա ընթացքում կտրտվել, խորացվել են փողոցների վնասված հատվածների ասֆալտի փոսերը եւ մաքրվել, իսկ այս շաբաթվա սկզբին ընթանում են ձյութապատման ու ասֆալտապատման աշխատանքները: Ճանապարհների փոսային նորոգումներն առավել որակյալ կազմակերպելու նպատակով անմիջականորեն վերահսկողություն է իրականացվում քաղաքապետարանի կողմից: Աշխատանքները կատարվում են համայնքի բյուջեի միջոցներով: Այս նպատակով հատկացվել է շուրջ 14 միլիոն դրամ: Հարկ է ավելացնել, որ նախորդ ձմռան տեւական ու խիստ ցրտերի պատճառով կենտրոնական ճանապարհների ասֆալտբետոնյա ծածկը վնասվել է մեծ մակերեսներով, ինչը խնդիրներ է ստեղծում տրանսպորտային երթեւեկության համար»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:Փոսալցման աշխատանքները մեկնարկել են քաղաքի Սայադյան փողոցից : Դրանք ամբողջությամբ կավարտվեն հունիսի վերջերին:
Խոսրով Խլղաթյան



