Եթե չլիներ Թուրքիայի և Քաթարի աջակցությունը՝ Սիրիայի ընդդիմադիրները երբևէ չէին կարողանա դիմադրել Ասադի ռեժիմին ու ԻՊ-ին. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմությունը պարտական է Թուրքիային և Քաթարին՝ Ասադի ռեժիմի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ դիմադրել կարողանալու համար։
«Եթե չլիներ Թուրքիայի և Քաթարի աջակցությունը՝ Սիրիայի ընդդիմադիրները երբևէ չէին կարողանա դիմադրել Ասադի ռեժիմին ու ԻՊ-ին», - ասել է Էրդողանը։
Ինչպես գրում է թուրքական haberler.com կայքը, Էրդողանը նշել է, որ Քաթարը պետք է դիտարկել ոչ միայն որպես հարուստ բնական պաշարներով երկիր, այլև վերջին շրջանում մահմեդական աշխարհում սկսած ճգնաժամի ու բախումների ֆոնին անկողմնակալ ու փայլուն քաղաքական դիրք գրաված երկիր։
Էրդողանը նաև ավելացրել է, որ քաթարյան ճգնաժամը լուծելու համար նա պատրաստվում է եռակողմ հանդիպում կազմակերպել Ֆրանսիայի նախագահի և Քաթարի էմիրի հետ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Քաթարը ոչ միայն չի աջակցում ահաբեկչությանը, այլև Թուրքիայի հետ միասին ամենաարդյունավետ հակաահաբեկչական պայքար մղող երկիրն է։
Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Նախօրեին Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։



