Վանաձորի մանկատունը կարող է դառնալ վերականգնողական կենտրոն
ОБЩЕСТВОՆախատեսվում է Վանաձորի մանկատունը մինչև տարեվերջ դարձնել վերականգնողական կենտրոն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը։
Հանրապետությունում կան 3 տիպի մասնագիտացված (հատուկ) և 3 ընդհանուր տիպի մանկատներ։
«Հատուկ տիպի մանկատներն են «Խարբերդը», «Մարի Իզմիրլյանը» և «Երեխաների տունը», իսկ ընդհանուր տիպի են՝ Գավառի, Վանաձորի մանկատները և Նորքի «Մանկան տունը»։ Վանաձորի մանկատունը մինչև այս տարվա վերջ մենք նախատեսում ենք վերակազմակերպել վերականգնողական կենտրոնի»,- նշեց Հայրապետյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գտնվող 6 մանկատներում 637 երեխա են խնամվում։
Նրա խոսքով՝ այդ երեխաներից մոտ 400-ը մասնագիտացված մանկատներում են խնամվում, իսկ նրանցից 137-ն էլ արդեն իսկ չափահաս են։
«Մասնագիտացված մանկատներում ապրում են ծանր հաշմանդամություն ունեցող անձինք։ Օրենքի համաձայն չափահասներն արդեն իսկ պետք է դուրս գրվեն մանկատներից, բայց քանի որ մասնագիտացված հաստատությունների սաներ են, ինքնուրույն ապրելու հնարավորություն չունեն։ Այս պատճառով պետությունը շարունակում է իրականացնել նրանց խնամքը։ Նրանք գտնվում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը»,- նշեց Հայրապետյանը։
Նախարարության համակարգում գործում են նաև 6 գիշերօթիկ խնամքի հաստատություններ, որտեղ խնամք են ստանում սոցիալապես անապահով ընտանիքների, դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ։



