Երբ լսում եմ «փրկություն» բառը, «Գեղամյանի հոտ» եմ առնում. Կարեն Քոչարյան
ИНТЕРВЬЮ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիլյանն այսօր հայտարարեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծման մասին:
Ճակատը մտադիր է պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ: Քաղաքական խորհրդի կազմում ընդգրկված են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և «Ոտքի՛, Հայաստան շարժման ներկայացուցիչ Անդրեաս Ղուկասյանը: Ընդդիմության միասնական շտաբի պետ է ընտրվել Ժիրայր Սէֆիլյանը:
Past.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ և փորձել պարզել՝ ի՞նչ պետք է անի այս նոր շարժումը, որպեսզի արժանանա ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հասարակության վստահությանը և չկրկնի նախորդ նմանատիպ նախաձեռնությունների սխալները: Կարեն Քոչարյանը, մասնավորապես, նշել է. «Երբ լսում եմ «փրկություն» բառը, «Գեղամյանի հոտ» եմ առնում: Ինձ սկսում է չհետաքրքրել՝ այնտեղ ով կա»:
Ըստ քաղտեխնոլոգի՝ արդեն էլ իմաստ չկա մեկնաբանել: «Արդեն շատ նավթալին է այդ ամենը՝ փրկություն,փրկիչներ և այլն»,-նշեց Քոչարյանը:
Հարցին՝ ի՞նչ հաջողություն է կանխատեսում նոր շարժմանը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նրանք կունենան նույն հաջողությունը, որն ունեցան նախորդ շարժումները: «Փրկիչները լավագույն դեպքում աղոթում են, վատագույն դեպքում՝ թեյ խմում»,-ասում է Կարեն Քոչարյանը և հավելում, որ ինքը հեռու չի գնում, դա վերջին 25 տարիների հայոց պատմությունն է:
Լևոն Փանոսյան




















































