Սիրեցինք այն, ինչ ինքն է սիրում. Արմեն Վանցյանն արվեստասերներին ներկայացավ իր գեղանկարչական աշխատանքներով
КУЛЬТУРА
Գեղանկարիչ Արմեն Վանցյանի «Վանց» խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը բացվեց հունիսի 12-ին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Ցուցահանդեսին ներկայացվեցին նկարչի 45 աշխատանք:
«Այստեղ ցուցադրված են իմ գործունեության վերջին շրջանում յուղաներկով և ջրաներկով արված կտավները: Ներկայացրել եմ էտյուդներ ազատ կատարողական ոճով, ռեալիստական գործեր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արմեն Վանցյանը:
Խոսելով ոգեշնչման աղբյուրներից` նկարիչն ընդգծեց, որ իրեն նկարելու ազդակներ է տալիս ցանկացած բան` բնությունը, մարդիկ և այլն: «Իմ ստեղծագործական կյանքում եղել են նաև դադարներ: Այդ ժամանակ ասես քաղցած լինեմ, բարեբախտաբար, դրանք կարճ են տևում: Պետք է շեշտեմ, որ շատ եմ սիրում նկարելու ընթացքը, մեծ բավականություն ստանում դրանից ու փորձում իմ զգացածը փոխանցել արվեստասերներին»,-ասաց նա:
Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի խոսքով` ինքն Արմեն Վանցյանի հետ աշխատել է երկար տարիներ: «Կան սովորական ուսանողներ և կան ուսանողներ, որոնք հիանալի նկարիչներ են, որոնց հետ աշխատում ես ինչպես հավասարը հավասարի հետ, որոնց տալիս ես քո բոլոր գիտելիքները և հավատում, որ դրանք ետ կվերադառնան գեղեցիկ արվեստի տեսքով: Արմենն այդպիսիներից է»,-նշեց Միրզոյանը:
Նա հավելեց, որ ցուցահանդեսում ներկայացված են նուրբ, զգայուն, գործեր, որոնք դիտելիս պարզ է դառնում, որ նկարիչը սիրում է իր հայրենիքը, բնությունը, մարդկանց, միջավայրը, որում ապրում ու ստեղծագործում է: «Կարծում եմ, որ նրա ձեռագիրը մեր կերպարվեստում անհրաժեշտ է»,- եզրափակեց Փարավոն Միրզոյանը:
«Արվեստի դպրոցում Արմեն Վանցյանը եկավ փոխարինելու մեր ուսուցչին: Այնքան սիրեցինք նրան, որ խնդրեցինք շարունակել աշխատել մեզ հետ: Արմենը հիանալի մանկավարժ է. աշխատում է տարբեր տարիքի մարդկանց հետ ու հմտորեն կարողանում իր գիտելիքներն ու փորձը փոխանցել նրանց: Չափազանց ազնիվ է իր գործում: Սիրեցինք այն, ինչ ինքն է սիրում»,-ասաց նկարչի աշակերտուհի Իլոնա Մելքոնյանը:
Գեղանկարիչ Արմեն Վանցյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 22-ին Երևանում: Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում: Հետագայում իր գիտելիքները հարստացրել է` կրթությունը շարունակելով Ա. Սարգսյանի անվան գեղարվեստի պետական ակադեմիայում:
2004-ին Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Ջազի գույները» խորագրով մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի: 2012-ին անհատական ցուցահանդես է ունեցել Գորիսի պատկերասրահում: 2014 թվականին արժանացել է Սուրբ Սարգիս մրցանակի:
2015-ին մասնակցել է Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցուցահանդեսին ու ներկայացրել «Հով արեք, սարեր ջան» աշխատանքը, որն այժմ գտնվում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: 2016-ին կազմակերպել է «Սիրում եմ Հայաստանը» խորագրով խմբակային ցուցահանդեսը, որը ներկայացվել է Բելառուսի գեղարվեստի պետական ակադեմիայում: Այնուհետև ցուցահանդեսը շրջել է Բելառուսի տարբեր քաղաքների ուսումնական հաստատություններում:
Արմեն Վանցյանը 2010 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:




















































