ՀՊԵՆ-ը կկազմակերպի անվանի դիրիժոր Դավիթ Խանջյանի 75-ամյակին նվիրված համերգ
КУЛЬТУРА
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում անվանի հայ դիրիժոր Դավիթ Խանջյանի 75-ամյակին նվիրված համերգ կկազմակերպվի: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում հանդես կգան Սուրեն Բագրատունին (թավջութակ, ԱՄՆ), Հակոբ Աթյանը (թավջութակ), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Զարուհի Խանջյանը (դաշնամուր)։ Կհնչեն Բախի, Շոպենի, Մոցարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում ամեն չորեքշաբթի անցկացվում են կամերային, իսկ ամեն շաբաթ օրերին՝ սիմֆոնիկ համերգներ։ Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը։ Դեկտեմբերի 5-ին Երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ։ Հայաստանի ջազ-բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։
2013-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Այս առնչությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի իրականացման նախաձեռնությամբ, որը մեկ ծրագրի շրջանակներում պետք է միավորեր մշակութային բազում միջոցառումներ՝ սիմֆոնիկ և կամերային համերգներ, վարպետության դասեր դասախոսություններ և այլն:




















































