Աշխարհի լավագույն հյուրանոցային լողավազանները (լուսանկարներ)
ФОТО
Հանգստի մեկնելիս մարդիկ նախևառաջ ընտրում են հյուրանոցը, և ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, մեծամասամբ նրանց ընտրության հարցում մեծ ազդեցություն է ունենում տվյալ հանգստյան կենտրոնի լողավազանը: Ուստի, գիտակցելով լողավազանների գրավչության վերաբերյալ կարևոր այս փաստը, հյուրանոցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում դրանց կատարելագործմանը:
Ամերիկյան YahooNews.com կայքը ներկայացրել է տարբեր երկրներում գտնվող լավագույն հյուրանոցային լողավազանները, որոնք ամբողջ աշխարհում որակի և շքեղության ուղենիշ են համարվում:
Ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի The Biltmore Coral Gables հյուրանոցի լողավազանը, որն ամենամեծն է ողջ Միացյալ Նահանգներում: Այն կառուցվել է 1926 թ.-ին, ունի 2 137 քմ տարածք և 2 650 խմ տարողունակություն:

2. Ritz-Carlton՝ Հոնկոնգում
Այս շքեղ, փակ լողավազանը գտնվում է Հոնկոնգի ամենաբարձր շինության վերջին` 118-րդ հարկում: Բարձր դիրքի շնորհիվ լողավազանի այցելուները հնարավորություն ունեն լողի հետ մեկտեղ վայելել նաև քաղաքի գեղեցիկ համայնապատկերը:

3. Four Seasons Resort՝ Հավայան կղզիներում
Այն համարվում է Հավայան կղզիների ամենաճոխ հյուրանոցային լողավազանը, որն իրականում հրաբխային լավայից գոյացած ժայռում ստեղծված բացօթյա ակվարիում է՝ էկզոտիկ ձկների 75 տեսակներով:

4.Hotel Cipriani՝ Իտալիայի Վենետիկում
Վենետիկի Cipriani հյուրանոցի 36 մետրանոց լողավազանը, անշուշտ, անչափ տպավորիչ է իր չափերով: Այն երիզպատված է հարթ սիզամարգով և բազմաթիվ գունագեղ ծաղիկներով, ինչի շնորհիվ տարածքում դրախտային մթնոլորտ է տիրում:

5. Marina Bay Sands՝ Սինգապուրում
Marina Bay Sands հյուրանոցի 1 396 քմ մակերեսով այս լողավազանը համարվում է իր տեսակի մեջ ամենամեծը: Չափից բացի, բավական տպավորիչ է նաև դրա ճարտարապետությունը:

6. Amankila՝ Բալիում
Ընդհանուր առմամբ Aman հյուրանոցների ցանցն ամբողջ աշխարհում հայտնի է իր լողավազանների գեղեցկությամբ, սակայն դրանց շարքում առանձնանում է առափնյա Amankila հյուրանոցի «եռահարկ» լողավազանը:

7.St. Regis Princeville՝ Հավայան կղզիներում
Առափնյա St. Regis Princeville հյուրանոցի 455 քմ մակերեսով լողավազանը, շրջապատված լինելով արքայախնձորի, կոկոսի և այլ էկզոտիկ մրգերի ծառերով, իսկական հեքիաթ է հիշեցնում: Բացի անզուգական գեղեցկությունից, այս լողավազանն ունի ևս 1 առավելություն. ի տարբերություն հյուրանոցային այլ լողավազանների` այս մեկը գործում է 24 ժամ:

8. Montage Resort & Spa՝ Կալիֆորնիայում
Այս լողավազանը տեղակայված է Կալիֆորնիայի ափի ամենագեղատեսիլ հատվածում: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում. զմրուխտյա օվկիանոսը երիզված է սլացիկ ժայռերով, իսկ շուրջբոլորը գունագեղ արևադարձային այգիներ են:

9. Oberoi Udaivilas՝ Հնդկաստանում
«Տապի երկիր» Հնդկաստանում լողավազանն իրավամբ շքեղություն է համարվում: Սակայն Ռաջաստան նահանգի Oberoi Udaivilas լյուքս դասի հյուրանոցի լողավազանն իրոք ճոխության մարմնացում է:

10. DoublePool Villas by Banyan Tree՝ Թայլանդում
Գեղեցիկ այս լողավազանն ամբողջովին ապակեպատ է, իսկ գիշերը դրան անմոռանալի տեսք են տալիս լուսային էֆեկտները:





















































