ԱՄՆ դետեկտիվ շոուն անհետաքրքիր է դառնում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին Սենատի հետախուզական հարցերով հատուկ կոմիտեում անցկացված լսումների ժամանակ ոչ թե կամ ոչ այնքան պարզաբանումներ է ներկայացրել ՀԴԲ–ում իր աշխատանքի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների վերաբերյալ, այլ ամեն բան ավելի է խճճել:
Հունիսի 8–ին, մի քանի ժամ շարունակված հարցաքննության ընթացքում, ՀԴԲ էքս–ղեկավարն անընդհատ նույն նախադասության մեջ էլ է ինքն իրեն հակասել՝ շփոթեցնելով ներկաներին: Օրինակ՝ երբ նրան հարցրել են, թե ԱՄՆ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ ամերիկյան պաշտոնյաների հանդիպումներն, արդյո՞ք, թուլացրել են ԱՄՆ անվտանգությունը կամ դիվանագե՞տ, թե հետախույզ էր դեսպան Կիսլյակը, Կոմին ամերիկյան մեդիայում հետախուզության սպայի վարկ ձեռք բերած Կիսլյակին տեղը տեղին ռեաբիլիտացրել է՝ նշելով, թե «այնուամենայնիվ, նա արհեստավարժ դիվանագետ էր»: Բայց ասվածից անմիջապես հետո ոչ թե փաստեր, այլ նորից զուտ անձնական կարծիք է հայտնել այն մասին, որ դեսպանատանը «ծառայում է հետախուզության աշխատակիցների հզոր թիմ, որի օպերացիաներից դեսպանը պիտի որ տեղեկացված լիներ»:
Հիմա՝ գիտի՞, թե կարծում է, կային՞, թե՝ կան: Եվ եթե միայն կարծում է, այդ դեպքում գուցե Թրա՞մփն էր ճիշտ, երբ խոսում էր Կոմիի՝ ՀԴԲ–ում վարած անարդյունավետ աշխատանքի և այնտեղ տիրած քաոսի մասին՝ հարցրել են կոնգրեսականները: «Այդ ամենը սուտ է, անմիտ և պարզունակ զրպարտություն»,– Թրամփին է մեղադրել Կոմին և կոնգրեսականների առջև համոզված հայտարարել, որ իրեն աշխատանքից հեռացրել են ռուսական միջամտության վերաբերյալ հետաքննության ընթացքը փոխելու, Թրամփին անձնական հավատարմություն չհայտնելու և հետաքննությունը դադարեցնելու՝ նախագահի հրամանը մերժելու պատճառով:
Ավելին՝ Կոմին սպառնացել է, թե ռուսները դեռ կվերադառնան ԱՄՆ և նորից շատ համոզված ենթադրություններ է արել առ այն, որ ռուսական հետախուզությունը երկար ժամանակ է պատրաստվել ամերիկյան ընտրությունների վրա ներազդելու համար: Ինչպես, ինչ մեթոդներով, ում շնորհիվ, եթե հաստատվում է, որ ակնհայտ կեղծիքներ չեն հայտնաբերվել, բյուլետեններն էլ ճիշտ են հաշվվել՝ անհայտ է:
Լավ, իսկ ինչպե՞ս է հնչել հետաքննությունը դադարեցնելու հրամանը՝ հետաքրքրվել են կոնգրեսականնները: Նման հրաման չի եղել, նախագահ Թրամփը ճաշի սեղանի շուրջ արտահայտել է իր խորհրդական Մայքլ Ֆլինի հետաքննության դադարի հետ կապված իր ցանկությունը, և դա որպես հրաման է հնչել՝ պատասխանել է Կոմին: Այս ամենն, անշուշտ, զվարճացրել/նյարդայնացրել է թրամփականներին և հուսահատեցրել՝ հակաթրամփականներին, որոնք արդեն սկսել էին իրենց լավ զգալ «ստախոս, զրպարտիչ» և նման այլ որակումներից, որ Կոմին էր տալիս ԱՄՆ նախագահի հասցեին՝ պնդելով, թե Թրամփի հետ ցանկացած հանդիպումից հետո ինքը հետո գրառումներ է արել, որոնք միայն իր վրա ցեխ շպրտելուց հետո է փոխանցել մամուլին: Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ Կոմիի արած գրառումները ծայրից ծայր ճշմարտություն են, դրանք դեռ չեն ապացուցում, որ ԱՄՆ նախագահը չարաշահել է իր լիազորությունները, արգելակել հետաքննության անցկացումը կամ դրանք արգելելու վերաբերյալ հրաման տվել ՀԴԲ ղեկավարին: Անձրևոտ այդ օրը Կոմիին հանդիպելով՝ մարդը ճաշի սեղանի շուրջ կարող էր նաև խոսել եղանակի մասին, երազելով արևոտ օրվա մասին: Մի՞թե Կոմին դա էլ անցանկալի հանդիպման ակնարկ պիտի ընկալեր կամ հրաման՝ երկնքում արև դուրս բերելու վերաբերյալ: «Կոմիի ասածներն իսկական գլուխկոտրուկ էին, մենք նույնիսկ չհասկացանք՝ չարաշահե՞լ է Թրամփն իր լիազորությունները, հրամայե՞լ է, ցանկությո՞ւն հայտնել: Հավանաբար պիտի ուրիշներին էլ լսել, որպեսզի մի նորմալ բան պարզենք»,– հայտարարել է ԱՄՆ նախագահի էքս–թեկնածու, հանրապետական Մարկ Ռուբիոն:
Գոհար Սիմոնյան



