Ընդդիմության ձայնը լսելի կլինի ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովում. Արփինե Հովհաննիսյան
ПОЛИТИКАԱզգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարում է, որ ընդդիմությունը մասնակցություն է ունենալու ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքներին և իր ձայնը լսելի է դարձնելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դա կարևոր է հանրային վստահության բարձրացման և հանձնաժողովի կայացման համար: «Դա նշանակում է, որ ընդդիմությունն իրոք ունենալու է լայն մասնակցություն գործընթացին: Ես շատ ուրախ եմ, որ համագործակցության իրական մթնոլորտում կայացավ այս օրենքի քննարկումը: Չափազանց կարևոր էր խորհրդարանում այս օրենքի ընդունումը հենց այս ձևաչափով կազմակերպելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ն ինչպե՞ս է պայքարելու կոռուպցիայի դեմ, եթե մրցակցությունից դուրս է, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Հարցում առկա հեգնանքին չեմ անդրադառնա, իսկ ՀՀԿ-ն մեծամասնություն է, որովհետև այդպիսին տեսել է Հայաստանի քաղաքացին: Հետևաբար, կոռուպցիայի դեմ ինչպես կպայքարի ՀՀԿ-ն, կտեսնեք, երբ որ այս օրենքներն ուժի մեջ կմտնեն և կսկսեն գործել: Այդ ժամանակ կտեսնեք, քաղաքական կամքն ու հանձնառությունն արդեն դրսևորված է ամենաբարձր մակարդակով»,- եզրափակեց Ազգային ժողովի փոխնախագահը:
Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսդրական փաթեթին միաձայն կողմ է քվեարկել 92 պատգամավոր:



