Ցանկացած պատգամավոր իրավունք ունի բացակայել նիստերից. Գևորգ Պետրոսյանը՝ Ծառուկյանի բացակայությունների մասին
ПОЛИТИКАԱզգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է խորհրդարանի նիստերից խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և պատգամավոր Իշխան Զաքարյանի բացակայություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են Գագիկ Ծառուկյանը և Իշխան Զաքարյանը բացակայում նիստերից և չեն մասնակցում քննարկումներին, պատասխանեց, որ ցանկացած պատգամավոր իրավունք ունի բացակայել նիստերից, իսկ բացակաների հարգելիությունը ո՛չ ինքն է որոշում, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ առանձին պատգամավորներ: «Կա կանոնակարգ-օրենքով սահմանված լիմիտ, երբ որ այն լրանում է, Ազգային ժողովի խորհուրդն իրավական գնահատական է տալիս բացակայությունների հարգելի լինել-չլինելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ ցանկացած պատգամավոր կարող է ունենալ անձնական խնդիրներ: «Եվ հետո ո՞վ է ասել, որ եթե պատգամավորը բացակայում է նիստից, ուրեմն նա ընդհանրապես զբաղված չի իր պատգամավորական կարգավիճակից բխող այլ գործունեությամբ: Ես հակված չեմ կարծել, որ պատգամավորին, ով չի գտնվում ներսում ու պատգամավորի կարգավիճակից բխող գործունեություն է իրականացնում, պետք է ստորադասել անպայման նիստին ներկա գտնվող, բայց պարապ, ինքնահիացմամբ զբաղված պատգամավորների ելույթներին կամ պահվածքին: Եվ Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ, եթե մարդիկ կան, որ գալիս են ներկա ստանալու համար, ես այդ դիրքորոշումն էլ չեմ ընդունում»,-նկատեց Պետրոսյանը:
Դիտարկմանը, թե խորհրդարանն այն վայրը չէ, որ պատգամավորները որոշեն գալ, թե չգալ նիստերին, Պետրոսյանն արձագանքեց, որ ոչ ոք այդպես չի մտածում:



