Երևանում «Լեհաստանի հայ համայնք. անցյալ և ներկա» խորագրով գիտաժողով անցկացվեց
ПОЛИТИКА«Լեհաստանի հայ համայնք. անցյալ և ներկա» խորագրով գիտաժողովը տեղի ունեցավ հունիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում: Գիտաժողովը նվիրված էր Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին:
«Հայ համայնքը Լեհաստանում ունի բազմադարյա պատմություն: 14-րդ դարից ի վեր շատ հայեր ձուլվեցին լեհերին, սակայն նրանց մի մասը հավատարիմ մնաց իր արմատներին` պահպանելով ազգային ինքնությունը: Հայ համայնքը Լեհաստանում առավել աշխուժացավ, երբ Հայաստանի անկախությունից հետո բազմաթիվ հայեր մեկնեցին Լեհաստան: Սկզբնական շրջանում այդ նոր համայնքը բավականին թույլ էր, բայց ներկայումս այն ավելի կազմակերպված է դարձել ու հզորացել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀսփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով` հին համայնքի ներկայացուցիչները վերադառնում են իրենց արմատներին, խոսում Հայաստանի հետ կապերը ամրապնդելու մասին, մտածում համախմբվել վերջին տարիներին ձևավորված համայնքի շուրջ:
«Վերջերս եղել եմ Լեհաստանում, մասնակցել համաժողովների, և ուրախալի էր, որ Լեհաստանի նախագահը հարգալից վերաբերմունք ցույց տվեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին և նրանց համար հատուկ ընդունելություն կազմակերպեց նախագահական պալատում»,-շեշտեց նախարարը:
Ներկայումս Լեհաստանի հայ համայնքը 50 000 անդամ ունի:
Զեկուցումներով հանդես եկան գիտնականներ Մատենադարանից, ԳԱԱ Գրականության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից և այլ գիտական կառույցներից:
Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանում:
Վերջերս Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակի առթիվ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում բացվեց «Լեհահայեր. գրչության ավանդույթներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեց այն հրովարտակի արտատպությունը, որով 1367 թվականին Լեհ-լիտվական միացյալ թագավորության թագավոր Կազիմիր Մեծը հայոց Գրիգոր եպիսկոպոսին իրավունք է տվել թեմ հիմնադրել և Լվով քաղաքը դարձնել այդ թեմի նստավայրը:



