Մերկելն հայտարարությունն է արել թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանացի զինվորականներին ետ քաշելու Գերմանիայի որոշումից հետո
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին պաշտոնական հայտարարությունն է արել Գերմանիայի նախարարների խորհրդի կողմից թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանացի զինվորականներին ետ քաշելու վերաբերյալ որոշումից հետո:
Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Մերկելը հայտնել է, որ չնայած իրենց զինվորականները փոխադրվում են Հորդանան՝ դա պատճառ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման և կոչ է արել շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ:
Օրեր առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն Անկարայում իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Գերմանիան դուրս կհանի իր զինվորականներին թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ իր գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Թուրքիան առաջվա պես հավատարիմ է մնում իր որոշմանն ու թույլտվություն չի տրամադրի գերմանացի պաշտոնյաներին «Ինջիրլիք» այցելելու համար:



