Ըստ ՀՅԴ պատգամավորի` կոռուպցիայի մասին ազդարարելը հայեցի չէ
ПОЛИТИКАԱԺ ՀՅԴ խմբակցության նորաթուխ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այսօր ունեցավ պատգամավորի կարգավիճակում իր անդրանիկ ելույթը:
Այս մասին հայտնում է Past.am-ը: Կարապետյանի խոսքով՝ «Ազդարարման համակարգի» մասին օրինագիծը հարիր չէ հայ տեսակին: «Ներքին ազդարարն ասում է, որ մի հիմնարկում աշխատող երկու մարդ հարաբերությունները կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ, սա ավելորդ անջրպետ է առաջացնում:
Այսօր բոլորս հայ ենք, եվրոպական արժեքները մեր արժեքներին չեն համապատասխանում: Իմ կարծիքով՝ազդարարի ինստիտուտը հայերիս հարիր չէ, երեկ որ կարդում էի, միտքս եկավ, որ սա գործ տալու ինստիտուտ է, եկեք բոլորս բոլորիս դեմ գործ տանք, եկեք գնանք աշխատանքի, իրար աչքերի չնայենք, որ չվախենանք, որ հանկարծ գործ կտան:
Մենք այսօր հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, նման գաղափարներ սերմանելը հարիր չէ»,- ասաց Անդրանիկ Կարապետյանը:
Հիշեցնենք, «Ազդարարման համակարգի» մասին օրինագծի հեղինակն ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է: Ըստ օրենքի՝ազդարարը բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ:
Լևոն Փանոսյան



