«Հսկիչ գները» պատուհաս են ներկրողների համար. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է, որ հայաստանյան շուկաներում վաճառվող ապրանքը հարևան երկրներում վաճառվողի համեմատ թանկ է այն պատճառով, որ ապրանքների մասքազերծման ժամանակ հայրենի մաքսավորների կողմից կիրառվում է, այսպես ասած, «հսկիչ գին» ասված մի երևույթ, որի մեծությունը բոլորովին կապ չունի իրականության հետ:
«Փաստի» զրուցակիցը, ով արդեն երկար տարիներ է ապրանքների ներկրմամբ ու վաճառքով է զբաղվում, ասում է, որ մինչ օրս որևէ մեկը չի կարողացել հիմնավորել, թե ինչպես են հաշվարկվել այդ «հսկիչ գները» և ընդհանրապես ինչու այն ժամանակին համահունչ միջազգային շուկաների համեմատ չի ճշգրտվում ու վերանայվում:
Այդ խայտառակ իրավիճակը պարզ բացատրելու համար նա մեկ էլեկտրական թեյնիկի օրինակով բացատրում է, որ տեղական շուկայում 4000 դրամով վաճառվող նույնանուն ապրանքը ներկրողը Չինաստանից այն գնում է մոտ 4 դոլարով: Ու քանի որ մաքսազերծման ժամանակ նույն այդ թեյնիկի մաքսատուրքը հաշվարկում է մաքսայինի կողմից սահմանած «հսկիչ գնով», որը տվյալ ապրանքի համար կազմում է 10 դոլարին համարժեք դրամ, այդ պատճառով էլ ապրանքի գինը արհեստականորեն ուռճացվում է: Մաքսայինը ոչ մի կերպ չի հիմնավորում, թե ինչու է իր կողմից սահմանված «հսկիչ գինը» մոտ 2,5 անգամ ավելի մեծ և ինչու է տվյալ թեյնիկի մաքսատուրքը հաշվարկում հենց 10 դոլարին համարժեք դրամի չափով և ոչ թե օրինակ 4 կամ 5 դոլարի համարժեքով:
«Այսինքն, եթե իմ գնած գնից մաքսազերծման գումար հաշվարկեին, ես դա մաքսիմում կվաճառեի 3000 դրամով, բայց ես ստիպված վաճառում եմ 4000 դրամով: Ստացվում է, որ այդ «հսկիչ գները» արհեստականորեն թանկացնում են ապրանքի գները: Մյուս կողմից էլ վաճառքն է նվազում: Ստացվում է, որ մի կողմից մենք ենք տուժում, մյուս կողմից` մեր հաճախորդները: Ես 4 դոլարով ապրանք եմ առնում, մաքսայինն ինձ ասում ա չէ՛, դու 10 դոլարով ես առել: Առնողը ես եմ եղել, ինձ ասում ա սխալ ես ասում: Ես կարողանում եմ իրեն ապացուցեմ, որ ես 4 դոլարով եմ առել, բայց մաքսայինն ինձ չի կարողանում ապացուցել, թե ո՞նց եմ ես10 դոլարով առել: Բայց ցավալին այն է, որ իրա 10 դոլարի տարբերակն անցնում է, իսկ իմ 4 դոլարինը՝ չէ»,– ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, սա միակ օրինակը չէ: «Հսկիչ գների» մի մեծ ցուցակ կա, որը դեռ անհիշելի ժամանակներից մնացել և ժառանգաբար փոխանցվել է ՊԵԿ նոր ղեկավարությանը: Նոր ղեկավարությունն էլ մինչ օրս փորձ չի արել վերանայել այդ մտացածին գները: Ու այդ հորինված գները դարձել են պատուհաս բոլորի՝ թե՛ ներկրողների և թե՛ սպառողների համար:
Նման ձևով բոլորի գրպանները դատարկելու և շուկայում վաճառվող ապրանքների գներն արհեստականորեն ուռճացնելու փոխարեն լավ կլիներ, որ այդ վաղեմության ժամկետը կորցրած «հսկիչ գներ» ասվածը կա՛մ ընդհանրապես վերացվեր, կա՛մ նվազեցվեր խելամտության մակարդակի:
Մեկ ձեռներեցի բերած օրինակով ընդհանրացնելով նշենք, որ նրանց միակ պահանջը իշխանություններից այն է, որ ոչ թե բիզնեսով զբաղվող անձանց խեղդելով բյուջե լցնեն, այլ ամեն ինչ անեն նրանց հոգսերը թեթևացնելու համար: Այդ ժամանակ բյուջեն էլ դատարկ չի լինի, բիզնեսմենի գրպանն էլ: Նաև կարևոր է, որ ներկրողները նախապես կարողանան հաշվարկել իրենց օգուտն ու վնասը: Պարզ է չէ՞, որ եթե գործարարը չկարողանա հաշվարկել, թե դրսում գնված ապրանքը Հայաստան հասնելուց և մաքսազերծելուց հետո ինչքանով կկարողանան շուկայում վաճառել, կընկնի ավելորդ պարտքային շրջապտույտի մեջ, որն էլ իր հերթին նրան կտանի այնտեղ, որտեղ այսօր շատ գործարարներ են: Ու այդ ճգնաժամում հայտնվելու պատճառով է, որ նրանք կա՛մ երկիրն են լքում, կա՛մ էլ դառնում են անտուն ու անգործ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



