Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել Երևանում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2017 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել աշխատանքների ժամանակին և պատշաճ իրականացումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Խիստ հսկողություն սահմանեք ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում նաև մշտական հսկողության տակ պահելով իրականացվող փոսանորոգման և ճաքալցման աշխատանքների որակը: Գույքագրեք այն հատվածները, որտեղ աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ, և պարտադրե՛ք կապալառու կազմակերպություններին, որ իրենց միջոցներով վերացնեն թերությունները: Մասնակցել են մրցույթին, շահել են, ուրեմն թող բարի լինեն պատշաճ ու ժամանակին իրականացնեն ստանձնած պարտավորությունները: Այս հարցում եղեք շատ խիստ և կոշտ, թերացողների նկատմամբ էլ օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք համապատասխան պատժամիջոցները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:



