Սիրահարների այգում բացվեց «Ես ու բնության իմ անկյունը» ցուցահանդեսը
ОБЩЕСТВОՇրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանի Սիրահարների այգում հունիսի 5-ին բացվեց «Ես ու բնության իմ անկյունը» լուսանկարների ցուցահանդեսը, որը նախաձեռնել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
«Արմենպրես»-ին հաղորդմամբ՝ ցուցահանդեսը ներկայացնում է «Ես ու բնության իմ անկյունը» կրթական արշավի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականներից ստացված լուսանկարներ, որոնցում պատկերված են երեխաները՝ բնության իրենց սիրելի վայրում։ Ցուցադրված են նաև WWF-Հայաստան-ի վայրի բնության մասնագետ Ալեքսանդր Մալխասյանի մի շարք լուսանկարներ, որոնք ներկայացնում են հայաստանյան վտանգված ու Կարմիր գրքում ներառված ցեղատեսակներ։ Ցուցահանդեսը հունիսի 7-ին կտեղափոխվի ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ այցելուների համար բաց կլինի մեկ շաբաթ։
«Ես ու բնության իմ անկյունը» կրթական արշավի նպատակն է դպրոցահասակ երեխաներին իրազեկել կայուն զարգացման բնապահպանական նպատակների, ինչպես նաև Հայաստանի մի շարք վտանգված կենդանատեսակների՝ Կովկասյան ընձառյուծի, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի և նրանց ապրելավայրի պահպանության կարևորության մասին:
Լավագույն երեք լուսանկարների հեղինակ դպրոցականները կստանան խորհրդանշական նվերներ, բոլոր մասնակիցները՝ շնորհակալագրեր։ Կրթական արշավի հաջորդ փուլում ընտրված մասնակիցները կմշակեն իրենց համայնքներում բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ: Լավագույն առաջարկների հեղինակները կմասնակցեն աշնանը կայանալիք բնապահպանական դաշտային ճամբարին:



