Թրամփը Լոնդոնի ահաբեկչությունից հետո կոչ է արել վերջ դնել պոլիտկոռեկտությանը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ժամանակն է վերջ դնել պոլիտկոռեկտությանը անվտանգության ապահովման հարցերում: Այդ հայտարարությամբ ԱՄՆ նախագահը հանդես է եկել՝ խոսելով Լոնդոնում նախօրեին կայացած ահաբեկչության մասին, գրում է Reuters գործակալությունը:
«Մենք պետք է վերջ տանք պոլիտկոռեկտությանը, հարկավոր է զբաղվել մեր քաղաքացիների անվտանգության կազմակերպմամբ: Եթե մենք ավելի խելացի չդառնանք, ամեն ինչ միայն ավելի վատ կլինի»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Թրամփը նաև հանդես է եկել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հասցեին քննադատությամբ:
«Առնվազն 7 մարդ է զոհվել և 48 մարդ վիրավորվել է ահաբեկչական հարձակման հետևանքով, իսկ Լոնդոնի քաղաքապետն ասում է, որ «անհանգստանալու պատճառ չկա»,- գրել է Թրամփը:
Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել էր, որ Բրիտանիայի քաղաքացիներին չպետք է անհանգստացնի ահաբեկչությունից հետո Լոնդոնի փողոցներում ուժեղացված ոստիկանական ներկայությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել է 48 մարդ:
Շաբաթ օրը տեղի ժամանակով մոտ 22:00-ին միկրոավտոբուսը դուրս է եկել Լոնդոնի կամրջի՝ հետիոտների համար նախատեսված հատված՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Այնուհետև որսորդական դանակներով զինված տղամարդիկ դուրս են եկել մեքենայից ու հարձակվել անցորդների վրա:



