Քրոջ հետ ունեցած հարաբերություններն է պարզել. երիտասարդի սպանության մեջ մեղադրվողը 14 տարով ազատազրկվեց
ОБЩЕСТВОՍպանության մեջ մեղադրվող 25-ամյա Վաղինակ Դերձյանին դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 14 տարվա ազատազրկման: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Վաղինակ Դերձյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանությունը:
Դատավճռով քաղաքացիական հայցը բավարարվել է եւ ամբաստանյալ Վաղինակ Դերձյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի պետք է բռնագանձվի 1.000.000 ՀՀ դրամ գումար` որպես տուժողի հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախս:
Հիշեցնենք, որ Վաղինակ Դերձյանը մեղադրվում է դիտավորությամբ Ազատ Առաքելյանին կյանքից զրկելու մեջ: Նա քրոջ եւ տուժողի միջեւ առկա փոխհարաբերությունների շուրջ պարզաբանումներ պահանջելու նպատակով` գործով չպարզված երկու անձանց հետ 2015 թ. հունիսի 3-ին, ժամանել են Երեւան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ եւ 40-րդ շենքերի հետնամասում գտնվող այգի, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպել են տուժողին եւ վերջինին ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ անհայտ անձանց հետ խմբի կազմում լրացնելով վերջինների գործողությունները, նվազագույնի հասցնելով տուժողի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը` կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ ծակած-կտրած բնույթի վնասվածքներ են հասցրել տուժողի դեմքին, գլխին, կրծքավանդակի զույգ կեսերի առաջային եւ հետին մակերեսներին, ձախից գոտկային շրջաններին եւ վերին վերջույթներին, որոնց համակցության հետեւանքով առաջացած հեմոռագիկ-տրավմատիկ շոկից տուժողը մահացել է:



