Ռաիսա Մկրտչյանը՝ նոր Երևանի դիմագծի, պատվավոր կոչումների և տեսահոլովակներով հանդես չգալու մասին
ЛАЙФ
Այսօր համայն հայության մայրաքաղաքի՝ Երևանի տոնն է: Այս տոնական օրվա առթիվ Past.am-ը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաիսա Մկրտչյանի հետ:
-Տիկին Մկրտչյան, որքանո՞վ է փոխվել Երևանի և երևանցու դիմագիծը: Այդ փոփոխությունները դրակա՞ն են, թե՞ բացասական:
-Իհարկե, բարդ հարց եք տալիս: Խոսեմ նոր սերնդի երևանցիների մասին: Հրաշալի երիտասարդություն կա, ինձ թվում էր, թե չկա: Ես հիմա աշխատում եմ Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում և արդեն 14 տարի է՝ Կոնսերվատորիայում: Միշտ էլ եղել է թե՛ լավը, թե՛ վատը: Սովետական ժամանակներում էլ է նույն կերպ եղել: Կա լավ, աշխատասեր նոր սերունդ:
-Հասկանալի է, թե ինչ կարծիք ունեք նոր երևանցիների մասին, իսկ նոր Երևանի՞:
-Ինձ դուր է գալիս նոր քաղաքը: Հիմա շատ են ասում, որ հին քաղաքից բան չի պահպանվել, բայց ամբողջ աշխարհում քաղաքակրթությունն առաջ է շարժվել: Նոր կառույցները պիտի համապատասխանեն ժամանակակից չափանիշներին:
Արտասահմանցիները հիանում են մեր քաղաքով: Իմ ներքին զգացողությունն այն է, որ Երևանը շատ է փոխվել, նրա գույնն ու տեսակն էլ է շատ փոխվել: Դա բնական բան է, որովհետև գլոբալ զարգացում է գնում ամեն տեղ: Պետք է շենքերն ավելի ժամանակակից լինեն: Ես Երևանի այս տեսակն էլ եմ սիրում: Իհարկե, ես դեմ եմ հին և տիպիկ երևանյան շենքերի չպահպանելուն: Գիտեմ, որ Թբիլիսիում հնությունները պահպանում են: Համադրելով հինն ու նորը՝ կարելի էր այնպես անել, որ մոտիկ լինի երևանյան դիմագծին: Բայց իմ ասած մոտեցումը կա որոշ շենքերի պարագայում:
Գուցե ինձ մոտ այսօր լավ տրամադրություն է, բայց ես ուզում եմ առանձնացնել դրականը: Ինչ էլ լինի, մենք սիրում ենք մեր քաղաքը: Այստեղ են անցել իմ կյանքի բոլոր փուլերը, հաջողություններն ու անհաջողությունները: Միայն կուզենամ, որ երիտասարդները դուրս չգնան, այստեղ ունենան իրենց ապագան կառուցելու, տաղանդն ի ցույց դնելու հնարավորություն: Դա ինձ շատ է մտահոգում, քանի որ մտածում եմ նաև իմ երեխաների և թոռների մասին:
-Ձեր կյանքում ի՞նչ ավելացրեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը:
-Գիտեք, երբ արտիստը պատասխանատու մոտեցում է ունենում, սա ոգևորում է, լիցքավորում, քո հետագա պրպտումների և քայլերի համար բազա է ստեղծում: Ես չէի կարծում, որ կարող եմ այսպես ուրախ լինել: Բավական շատ մեդալներ ունեմ, բայց այսօր յուրահատուկ խանդավառություն էր: Միջոցառումները շատ գեղեցիկ էին կազմակերպված: Շատ ոգևորիչ է, որ գնահատվում ես և չես մոռացվում:
-Հանդիսատեսը կարո՞ղ է նորությունների սպասել: Ինչո՞ւ տեսահոլովակներով հանդես չեք գալիս:
-Սովետական կարգերի փոփոխությունից հետո ես ոչ մի տեսահոլովակ չեմ արել, որովհետև դա գումարների հետ է կապված: Ես մի բնավորություն ունեմ, որ ինքս չեմ սիրում գումար հայթայթել: Ես չեմ հարմարվել այդ վիճակին, որ պետք է փող մուրալ: Ես այնքան գործ եմ արել, ինձ համար այնքան երգեր են գրվել, որոնք ես կատարել եմ: Տեսահոլովակ անում են, որպեսզի ուշադրություն գրավեն և մտնեն երգարվեստ: Իմ հին հոլովակները կան, դրանք երբեմն հնչում են ռետրո ծրագրերի մեջ: Հիմա այդ ծրագրերը պակասել են, բայց Հ1-ով, Հանրային ռադիոյով հաղորդում են իմ երգերը: Ես ուրախ եմ, որ այդքան հրաշալի երգեր են գրվել, որոնց ձայնագրելու հնարավորություն եմ ունեցել: Դրանք մնայուն արժեքներ են և մտել են ոսկե ֆոնդ:
Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի




















































